Այն, ինչի մասին այսօր խոսում էր Կարեն Կարապետյանը (Տաշիր), գալիս է արձանագրելու, որ ՀՀԿ ներսում տեղի ունեցող խմորումները լոկ անձերով չեն պայմանավորված կամ այդ անձերի դերակատարության ու ազդեցության ժանրից չեն միայն։ Փաստորեն՝ գոյություն ունեն նաև քաղաքական լուրջ խնդիրներ, ու դրանց մասին Կարապետյանը ոչ միայն չզլացավ խոսել, այլ տվեց որոշ պարզաբանումներ։ Ըստ նրա՝ այսօր հանրությունը չունի վստահություն իշխանության հանդեպ, ու այդ անվստահությունը բազմիցս է արտահայտել։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ ընդդիմությունն է ավելի նախընտրելի։ Առհասարակ, ճիշտ է ասում նա, քանի որ այսօր յուրաքանչյուր երրորդ քաղաքացի, եթե հարցնենք՝ որ ուժին է տալիս իր նախապատվությունը քաղաքական ընտրություններից առաջ, միանշանակ կպատասխանի՝ «ոչ մեկին, քանի որ բոլորն էլ նույնն են»։ Սա նշանակում է, որ իսկապես լուրջ անջրպետ կա քաղաքական ուժերի ու հասարակության միջև, ու դրա անհերքելիությունն ընդունում է հենց իշխող կուսակցության ներկայացուցիչը, ով նաև խոշոր գործարար է։ Առհասարակ, իշխանությունն, իհարկե, սովորություն ունի օտարվելու հասարակությունից, սակայն կան կոնկրետ գործառույթներ, որոնց կատարումը պարտադիր է։ Սահմանների ամրություն, անվտանգություն, տնտեսական աճ. սրանք այն հիմնական պարտադիր բաղադրիչներն են, որտեղ պետությունը, իշխող ուժը պետք է օրուգիշեր աշխատի պրոգրես ունենալու համար։
Հիմա տեսնենք, թե ինչ է արել ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին։ Պաշտոնական թվերով՝ Հայաստանում մեկ միլիոն աղքատ մարդ կա։ Հայաստանը այսօր առավել քան երբևէ գտնվում է կիսապատերազմական կամ ինչ-որ տեղ նաև պատերազմական հարաբերությունների մեջ Ադրբեջանի հետ, քանի որ սահմանում ամեն օր շարունակվում են բախումները։ Տեղի է ունեցել ապրիլյան քառօրյան, որի ընթացքում ՀՀԿ իշխանության օրոք թեկուզ ոչ կարևոր նշանակության, սակայն մի քանի մետր հող է կորցվել։ Սրանք չեն կարող լինել ոչ բավարար պայմաններ իշխանություններից դժգոհելու համար։ Կարեն Կարապետյանն, իհարկե, այս ամենը շատ լավ է պատկերացնում ու նաև լավ է պատկերացնում, թե ինչ հետևանքներ սա կարող է ունենալ, առհասարակ, Հայաստանի համար։ Դրսում հարստացած մարդ է Կարեն Կարապետյանը, ուստի անկաշկանդ կարող է արտահայտել իր կարծիքը։ Նա իշխանության հետ սերտաճած չէ, որ նրան հորդորեն հանգիստ մնալ իր տեղում, հսկայական ֆինանսական կապիտալ ունի նրա ընտանիքը, ու նա կարող է իրեն թույլ տալ իր գնահատականներում լինել ավելի կտրուկ։
Հիմա հարց՝ ինչի՞ է բերելու այս ամենը։ Կարապետյանը նշում է, որ այս նոր ընտրակարգը առանց այն էլ բարդացնում է Հայաստանի քաղաքական կյանքը ու մարդկանց հանում իրար դեմ։ Եվ մի՞թե սխալ է այս որակումը, կամ մի՞թե դա այժմ տեղի չի ունենում։ Անշուշտ տեղի է ունենում։ Եվ դեռ քարոզարշավը չի մեկնարկել, իսկ մեկնարկելուն պես միգուցե արդեն ոչ թե ընտրարշավի, այլ անձնական հարաբերությունների պարզելու դաշտ լինի քաղաքականությունը։ Դժվար է ասել՝ սա ի վերջո ինչի է հանգեցնելու, սակայն Կարապետյանն, ըստ էության, գալիս է արձանագրելու, որ իշխանության ներսում կան մարդիկ, որոնք խաղի այս կանոններին համաձայն չեն, ու միգուցե առաջիկայում դա ավելի առարկայական դրսևորումներով արտահայտվի։