Եթե Դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում Ձեզնով։ Այս արտահայտության հետ ոչ բոլորն են համաձայն։ Ինչեւէ, Wnews.am-ը ներկայացնում է մի քանի երգչուհիների, ովքեր զբաղվել, իսկ նրանցից ոմանք էլ մինչեւ օրս շարունակում են զբաղվել քաղաքականությամբ։
Երգչուհի Նադեժդա Սարգսյանը եղել է առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր։
Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում: Ավարտել է Մոսկվայի արվեստների ակադեմիան՝ ռեժիսորի որակավորմամբ:
1977-87-ին եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի, իսկ 1987-92-ին՝ «Հայեր» նվագախմբի երգչուհի, 1992-ից՝ «Հայեր» մշակութային կենտրոնի տնօրեն:
Եղել է Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ: «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։
Խորրդարանում իր հայտնվելու մասին Նադեժդա Սարգսյանը պատմում է.
«Երբ ինձ առաջարկեցին դառնալ կուսակցության անդամ, այդ առաջարկը մեծ ոգեւորությամբ չընդունեցի, քանի որ գիտեի, որ դա մեծ պատասխանատվություն է, որը խլելու է ինձանից շատ էներգիա եւ ուժ, եւ քիչ ժամանակ կունենամ իմ աշխատանքի` երգելու համար, եւ այդպես էլ եղավ:
Իհարկե, մենք տեղյակ էինք խնդիրների մասին, բայց չէինք պատկերացնում, որ դրանք այդքան շատ են: Ես պիտի զբաղվեի միայն մշակութային հարցերով, սակայն պարտավորություն ստանձնեցի նաեւ մի քանի այլ ոլորտներ համար` առողջապահության, կրթության, զինծառայողների խնդիրների: Հաճախակի մեկնում էինք համերգներով զորամասեր, որպեսզի եւ ուրախություն պարգեւենք զինվորներին, եւ ծանոթանանք նրանց խնդիրներին:
Իհարկե, բոլորիս համար անակնկալ էր, որ մենք մտանք խորհրդարան 2-րդ տեղով: Բայց, մյուս կողմից, դա մեր աշխատանքի արդյունքն էր: Մենք աշխատում էինք օր ու գիշեր: Շատերը մեզ «ֆեմինիստուհիներ» էին անվանում, սակայն մենք միշտ քարոզում էինք ուժեղ տղամարդու կերպարը:
Թերթերն իմ մասին ինչ ասես գրում էին, անգամ «անբարոյական» էին անվանում: Թերթերից մեկն երկու անգամ «նվիրեց» ինձ «Նաիրի» կինոթատրոնը: Առաջին անգամ գրել էին, որ Վանո Սիրադեղյանն այն ինձ նվիրել է մարտի 8-ի կապակցությամբ, մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, նույն թերթը գրեց, որ նա «նվիրել է» ինձ «Նաիրին» արդեն ծննդյան կապակցությամբ:
Մեզ շատերն էին աջակցում, այդ թվում, օրինակ, Վազգեն Սարգսյանը: Սակայն, այո, ամենից շատ մեր կողքին է եղել Վանո Սիրադեղյանը: Իր օգնությամբ մենք կարողացանք շատ խնդիրներ լուծել»։
Շուշան Պետրոսյան.
Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին Երեւանում:
1987թ. ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը: Գեղանկարի եւ գծագրության ուսուցիչ: 1993թ. ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Գեղանկարիչ-գրաֆիկ:
1989 -1991թթ. աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) աշխատել է հագուստի եւ բեմի նկարիչ: Ձեւավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1994 -1997թթ. աշխատել է Երգի պետական թատրոնում: 1996թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է: 2002-2003թթ.` Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2005թ. Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է:
2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
2008թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով:
Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների` 1993թ.` գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն), 1996թ.` «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն), 2000թ.` «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն), 2000թ.` «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ), 2004թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն), 2009թ.` «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ):
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։