Մարզերում կատարվող ներդրումները և նախագծերի իրականացումը բխում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից: Այս տարի մարզերում նախատեսվում է տարբեր ներդրումային ծրագրերի իրակականցումը: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում 2017 թվականին կլինեն ներդրումներ մի քանի ուղղություններով:
Նախ բազմաթիվ ծրագրեր կան կրթության ոլորտում: Կրթությունը մեզ համար գերակա ճյուղ ենք համարում: Գարնանը սկսվելու է Գավառի թիվ երկու միջնակարգ դպրոցի կառուցումը: Այս տարի 4 նոր դպրոց է կառուցվելու: Դրանից բացի` մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում: Շինարարական աշխատանքներ են տարվելու նաև այլ ուղղություններով: Այս տարի ավարտին կհասցվեն Սևանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները: Ընթացիկ տարում նախատեսվում է սկսել Մարտունու առողջապահական կենտրոնի շինարարությունը, իսկ որոշ համայնքներում կվերանորոգվեն բուժկետեր:
Զգալի աշխատանքներ են սպասվում նաև ճանապարհաշինարարության ոլորտում: Վերականգնվում են թե՛ միջհամայնքային, թե՛ միջմարզային ճանապարհները: Մասնավորապես՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն ավարտելուց հետո կսկսվեն Շորժա-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Գեղարքունիքի մարզն առանձնանալու է նաև մի շարք ներդրումային ծրագրերով:
Մյուս ոլորտներում ևս խոշոր ծրագրեր են իրականացվելու: Ընդլայնվելու են Վարդենիսի Ակունք գյուղի պանրի գործարանի հնարավորությունները: Դրանից բացի՝ Լճաշենի կաթի վերամշակման արտադրամասը վերածվելու է խոշոր տոհմային տնտեսության ծրագրի: Զարկ է տրվելու հնդկացորենի արտադրության ծրագրին, ավելացվելու են ցանքատարածությունները: Առանցքային ծրագրերից մեկն էլ ձկան վերամշակման գործարանի կառուցումն է լինելու: