Այս ընտրությունների հանդեպ անհետաքրքրությունը հավակնում է լինել ամենազանգվածայինը նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Ճիշտ է, իշխանական տարբեր սոցհարցումների շնորհիվ իբր թե առկա է համապատասխան հետաքրքրություն, մարդիկ տեղյակ են և այլն, սակայն դրանք իրականում միֆ են։ Եվ սա ունի իր օբյեկտիվ հիմնավորումները։ Բացառությամբ երկու կուսակցության, ընդ որում՝ այդ երկու կուսակցություններից մեկն իշխանական կուսակցություն է, մնացածը չունեն ծրագիր ու ըստ էության՝ բացի պոպուլիստական դիալոգից՝ հանրությանն առաջարկելու այլ բան չունեն։ Դժվար է, իհարկե, պատկերացնել այնպիսի մի իրավիճակ, երբ պոպուլիզմը սպառում է իրեն։ Քանի որ, անկեղծ ասած, քաղաքական բանավեճում դա անհերքելի բաղադրիչ է ու անընդհատ օգտագործվող է։ Հրապարակ լցնելու, հանրային միջոցառում անելու տեսանկյունից այլևս ընդդիմությանն այլ բան չի մնում, քան երբեմնի նախկին հզորությունը գովազդելով առուծախի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ։ Սարգսյանը, ինչպես գիտենք, այսպիսի բիզնես գործարքների երբեք դեմ չի եղել, հակառակը՝ երբեմն ինքն է եղել դրա ինիցիատորն ու կոորդինացնողը, ու կարելի է ասել՝ միշտ էլ ստացել է իր ուզած արդյունքը։
Ստացել է, որովհետև մենք ունենք բավականին թամբալ ընդդիմութուն, ով նախընտրում է դժվարությունը հաղթահարելու համար գործարքի մեջ մտնել իշխանության հետ ու կարճաժամկետ պայմաններում լուծել ինչ-որ հարցեր։ Աշխատել հարգարժան ընդդիմադիրները չեն սիրում, իրենց նեղություն տալ չեն սիրում, սակայն սիրում են արդյունք ակնկալել։ Այ սրան նրանք միշտ պատրաստ են՝ բողոքել, որ երկիրը երկիր չի։ Մի խոսքով՝ թող ոչ մի ընդդիմադիր կուսակցություն շատ ձայներ չակնկալի, քանզի 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելն իսկ արդեն մեծ հաջողություն կլինի վերջիններիս համար։