Картинки по запросу Հայ-վրացականՀայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցությունը հիմնականում ներառում է տարանցման և վրացական տարածքով դեպի Հայաստան և հակառակը ապրանքաշրջանառության, ինչպես նաև Վրաստանի տարածքով էներգառեսուրսների ներկրման հարցերը։

Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է երկաթուղու մեկ ճյուղով և երկու հիմնական ավտոճանապարհներով՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերով։ Գոյություն ունեն բարձրավոլտ մի քանի էլեկտրագծեր, որոնք միացնում են Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը։ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով։

Հարկ է ընդգծել, որ ընդհանուր առմամբ Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման կառուցվածքը ժամանակի ընթացքում տարբեր դինամիկա է ունեցել՝ շատ բանով կախված լինելով քաղաքական իրավիճակից։ 2010թ. մարտին, Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական բնույթի հիմնախնդիրներով պայմանավորված, երկարատև դադարից հետո բացվեց Վերին Լարսի անցակետը ռուս-վրացական սահմանին։ Ելնելով այն բանից, որ վերջնական վիճակագրական տվյալները՝ առաջին հերթին՝ Վրաստանի վերաբերյալ, դեռ չեն հրապարակվել, առայժմ դժվար է դատել Վրաստանի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան ապրանքաշրջանառության և տարանցման զարգացման վրա Վերին Լարսի անցակետի բացման ազդեցության մասին։

Տնտեսական ոլորտում, քաղաքական ոլորտում ևս անկախ զարգացման երկու տասնամյակի ընթացքում երկու պետությունների հարաբերությունների վրա ազդող խիստ էական հարց է վրացական տարածքով դեպի Հայաստան տանող տրանսպորտային հաղորդակցությունների կայուն և անվտանգ գործառնության խնդիրը։ Դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը, ներկայումս գործող միակ երկաթուղին Վրաստանի տարածքով, որով Հայաստանն ստանում է ուղղակի կապ և ապրանքաշրջանառություն ապահովում մնացյալ աշխարհի հետ։

Այս ֆոնին հետաքրքրական և առանձնակի ուշադրության արժանի է օրերս վարչապետ Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Պետք է նշել, որ երկու երկրների պաշտոնական պատվիրակություններն ունեին բավականին ընդլայնված և ներկայացուցչական կազմ, ինչը վկայում է հագեցված և «բազմաժանր» օրակարգի մասին:

Պետք է հուսալ, որ վարչապետի պաշտոնական այցը նոր զարկ ու նոր լուծումներ կտա երկու կողմերի փոխադարձ հարաբերությունների զարգացման համար:

Որպես լոռեցի՝ հայ-վրացական հարաբերությունները առաջնային եմ համարում հատկապես դիտարկել Լոռու մարզի պրիզմայով, քանի որ մարզն ուղղակի սահմանակից է Վրաստանին և կարող է կրել խորը համագործակցության հետքը: Պետք է նշել, որ մարզի հետ վրացական կողմի հարաբերություններն ունեն լուրջ արմատներ. մարզում կազմակերպվող տարբեր տոնակատարությունների, ինչպես նաև սպորտային միջոցառումների վրացական կողմը պարբերաբար ունենում է ներգրավվածություն: Հատկանշական է, որ ռեգիոնալ զարգացումների ֆոնին մարզի մի շարք քաղաքներ քույր քաղաքներ են վրացական մի շարք քաղաքների հետ` Վանաձորը և Բաթումին, Ալավերդին և Քոբուլեթին, Ախթալան և Չաքվին: Այս համագործակցությունը հատկապես հատկանշական կլինի Քվեմոքարթլիի և Մառնեուլիի շրջանների շուրջ 9 հայկական գյուղերի համար: Այս ամենը կնպաստեն տարածաշրջանը համատեղ զարգացնելուն, դրան գումարած՝ սա հերթական միջոցն է, որ երկու պետություններն իրար հետ համագործակցեն մշակութային, զբոսաշրջային և սպորտային բնագավառներում:

Նշված քայլերը առաջնային ազդեցություն կունենան կոմունիկացիաների և տարածաշրջանի աշխուժացման գործընթացին:

Հուսադրող է նաև այն հանգամանքը, որ վրացական նախկին իշխանությունների համեմատ՝ գործող իշխանություններն ավելի պատրաստակամ են և հարևանների հետ շփման առումով՝ որդեգրել են հավասարակշռված քաղաքականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել