Շարժումային դիտարկումներ. մաս 1

Մեր հաջողված շարժումը առ այսօր եղել է Արցախյանը: Դրա հետ համեմատելով, փորձենք պարզել հետագա շարժումների թերացումները: Դա, անշուշտ, կօգնի ձևավորել այն հասարակական շարժումը, որը մեզ կհանի ճահճից:

Արցախյան շարժումը հակասովետական չէր, և պաստառներին չկար «Մահ իշխանություններին» կարգախոսը: Ընդհակառակը, հանրահավաքային բազմությունը սկզբնական շրջանում վանկարկում էր «Լենին, պարտիա, Գորբաչով»: 
Նույնն էր վերաբերմունքը նաև տեղական՝ հայաստանյան իշխանությունների հանդեպ: Այդ վերաբերմունքը թշնամանքի չվերածվեց անգամ այն ժամանակ, երբ ակնայտ դարձավ, որ խորհրդային իշխանությունները մտադիր չեն վերականգնել պատմական արդարությունը:

Շարժման առաջադրած գաղափարը նաև հայաստանյան իշխանությունների սրտով էր՝ ո՞ր հայը չէր ցանկանա պատմական հայրենիքի մի հատվածի վերադարձը: Այլ բան է, որ իշխանավորները պաշտոնի բերումով չէին կարող հրապարակայնորեն արտահայտել իրենց իրական տեսակետը և հարկադրված էին կատարել Մոսկվայի ցուցումները:
Եվ իշխանավորները երկակի վերաբերմունք ունեին Շարժման ղեկավարների հանդեպ. ներքուստ դեմ չէին համագործակցությանը, բայց արտաքուստ հարկադրված էին դիմակայել:
Թույլ արտահայտված անտագոնիզմը ենթադրում էր առանց դատաստան իշխանափոխություն, որից էլ բխում էր իշխանավորների դիմակայության աստիճանը: 

Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումը, կապված լինելով ընտրությունների հետ, ինչպես նաև բարձրագույն իշխանավորների հետ ունեցած թշնամանքի հասնող հարաբերությունների պատճառով դատապարտված էր կարգախոս ունենալ «Մահ իշխանություններին»-ը: Այն ժամանակ անգամ լուրեր կային, թե նրա համախոհ քաղաքական գործիչները աջակցության դիմաց պահանջ էին դրել հաղթանակից հետո հաշվեհարդար տեսնել ավելի քան երկու տասնյակ իշխանավորների հետ:

2003 թվականի ետընտրական շարժումը ևս կոշտ վերաբերմունք ուներ իշխանությունների հանդեպ:

Տեր-Պետրոսյանն ուղղակի այլընտրանք չուներ. նա հարկադրված էր իր գլխավորած շարժումը դարձնել սաստիկ իշխանատյաց, քանի որ խնդիր ուներ դեպի իրեն բերել իր նախագահության տարիների անհաջողությունների պատճառով իր հանդեպ անտարբեր դարձած կամ իրեն ատող հանրային շերտերին: Այս շարժումը թերևս իշխանատյացության գագաթնակետն էր:

Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին դեռևս քննադատում է չափավոր: Եվ այդ պատճառով հակառակ բևեռից հնչում են երկխոսության միջնորդավորված առաջարկներ: Բայց միևնույն է, չկա շարժման առջև դրված այնպիսի նպատակ, գաղափար, որի շուրջ հնարավոր լինել համագործակցել: Ի տարբերություն Արցախյան շարժման:

Մեր բոլոր այն շարժումները, որոնք ունեցել են «Մահ իշխանություններին» կարգախոսը, իրենք են մահացել:

Մի՞թե հնարավոր է հիմնել այնպիսի ընդդիմադիր շարժում, որը, չունենալով «Մահ իշխանություններին» կարգախոսը, վերջնարդյունքում հանգեցնի իշխանության փոփոխության,- կհարցնի ընթերցողը:
Առաջիկայում կներկայացնեմ այլոց կողմից կիրառված այդպիսի մի տարբերակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել