Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի ու հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլու, ապա և նախագահ Մարգվելաշվիլու հետ:
Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական և կառավարական մակարդակներում կառուցողական համագործակցությունը լավ հիմք է հարաբերությունների հետագա խորացման համար, այդ թվում՝ նոր ուղղություններով։
Ներկայացնելով հանդիպումից մանրամասներ՝ Կ. Կարապետյանը նշել է, որ քննարկվել է հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։
«Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես՝ տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Պետք է ընդգծել, որ Կ. Կարապետյանի հետ Վրաստան են մեկնել մի շարք նախարարներ, ինչը խոսում է հանդիպումների ու քննարկման առարկաների լայն սպեկտորի մասին: