Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարաել է, որ Եվրամիությունը երբեք որևէ այլ երկրի ընտրությունները կազմակերպելու համար այդքան գումար ու միջոց չի հատկացրել, որքան Հայաստանին։ Սրանից, հետևաբար, կարող ենք եզրակացնել առնվազն մի քանի քաղաքական նրբերանգներ։
1. Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին ընտրությունները արդար, թափանցիկ անցկացնելու համար Հայաստանին տրամադրել անհրաժեշտ ֆինանսներ ու միջոցներ, որովհետև Հայաստանը դրա կարիքն իսկապես ունի։ Դա անշուշտ չի նշանակում, որ միայն գումար տալով հարցը կարող ենք համարել լուծված։ Ի վերջո, նախորդ ընտրություններում էլ Եվրամիությունը բավականին մեծ գումարներ է տրամադրել։ Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանը այժմ Եվրոպայի հետ համաձայնագիր ստորագրելու վերջին փուլում է, ու բացառված չէ, որ մոտակա ամիսներին ի վերջո այդ համաձայնագիրը ստորագրվի։ Եվրոպան հենց սրանում է շահագրգռված՝ հաշվի առնելով 2013 թվականի հայտնի դեպքերը։
2. Եվրոպան սրանով, փաստորեն, արձանագրում է, որ մեր երկրում ընտրությունների ազատ, արդար կազմակերպումը, ցավոք, դեռևս շատ վատ կազմակերպման փուլում է՝ լի մեծ խնդիրներով ու պրոբլեմներով։ Ցավոք, դեռ 25 տարի հետո մենք չենք կարողանում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել ու հույսներս դնում ենք դրսի ուժերի աջակցության վրա։ Հետևաբար Եվրոպան իր մասով Հայաստանին տալիս է անհրաժեշտ օգնություն, սակայն ակնհայտ է, որ սրա դիմաց ինչ-որ բան հստակ Հայաստանից պահանջելու է։ Իսկ թե ինչ, շարադրեցինք վերևի կետում։
3. Ըստ էության՝ ինչքան էլ գումար, միջոց կամ քաղաքական աջակցություն տրամադրվի Հայաստանին, միևնույն է, մեր երկիրը դեռ ի վիճակի չէ ընտրություններ կազմակերպելու միջազգային կարգին համապատասխան։ Սա երրորդ նրբությունն է, որի մասին խոսում է Սվիտալսկին։ Ցավոք, սա ամենահավանական տարբերակն է, որովհետև ինչքան էլ լավատես լինենք, դժվար Հայաստանի բնակչության մեծամասնությունը մտածի, որ ընտրությունները չեն կեղծվելու, կամ առնվազն ընտրակաշառք ու գումարներ չեն բաժանվելու ընտրողներին։ Ընտրակաշառք վերցնող մարդը իր գլխում արդեն գիտի, որ, միևնույն է, ընտրությամբ բան չի փոխվելու, հետևաբար նա նախընտրում է գոնե գումար աշխատել։
Իսկ թե ինչպես կընթանան ընտրությունները, կիմանանք ընդամենը երկու ամսից։ Այս ընտրությունները իրականում լինելու են ավելի անաղմուկ, քան նախորդները, սակայն դա չի նշանակում, որ թափանցիկությունը երաշխավորված է։