Անվտանգություն և առաջընթաց։ Սա ՀՀԿ նախընտրական կարգախոսն է։ Բավականին սեղմ, հասանելի կարգախոս է, ինչքան էլ որ փորձեն համացանցում կամ դրանից դուրս ծաղրել այս կարգախոսը։ Կարգախոսի էությունն դրա հակիրճությունն ու արդյունավետությունն է, ու ինչքան երկար է այն, այնքան ընտրողի մոտ անհասկանալի ու վանող գիծն ավելանում է։ Հարցն այստեղ այն է, որ ինչ էլ գրեր ՀՀԿ-ն, միևնույն է, արժանանալու էր քննադատության։ Այդ քննադատությունը, եթե հիմնավոր է, ապա իսկապես տեղին է, քանի որ անվտանգությունից ով-ով, բայց ՀՀԿ-ն, առհասարակ, խոսելու տեղ չպիտի ունենա։ Կոնկրետ առարկայական կորուստներ է ունեցել Հայաստանը նրանց կառավարման տարիներին, հետևաբար խոսել անվտանգությունից այս պահին, կարող է այնքան էլ լուրջ չընկալվել։ Սակայն մյուս կողմից՝ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի ամենագլխավոր օրակարգը իսկապես Հայաստանի անվտանգությունն է։ Քանի կա այդ խնդիրը, ու պետությունը պատերազմի վտանգի տակ է, ոչ մի այլ կարգախոս ու քաղաքական տեսլական հնարավոր չէ ունենալ այս պայմաններում։ Հետևաբար այս տեսանկյունից, ուզենար էլ, ՀՀԿ-ն այլ կարգախոս կամ քաղաքական գիծ որդեգրել չէր կարող։ Այնպես որ, ճիշտ է, մի քիչ ցինիկ կարգախոս է՝ հաշվի առնելով այն արդյունքները, որոնք գրանցել է իշխող ուժը իր կառավարման տարիներին, սակայն զուտ տեխնիկական ու մեթոդաբանական առումով երևի թե ամենալավ կարգախոսն է՝ կարճ, դինամիկ, կոնկրետ։ Մի քիչ քաղաքական դեմագոգություն ու պոպուլիզմ, և ՀՀԿ-ն կարող է հաջողել նաև այս ընտրարշավում։ Ինչո՞ւ ենք նման կերպ ասում, որովհետև զուտ ռացիոնալ ու իրատեսական միայն նրանք կարող ենք իրականացնել իրենց հռչակած ծրագրերը, քանի որ ռեսուրս միայն նրանք ունեն։ Օրինակ՝ 2012 թվականի պառլամենտական ընտրություններում հռչակած ընտրական ծրագիրը ըստ հետազոտությունների կատարվել է մոտ հիսուն տոկոսով։ Նկատի ունենք այն, ինչ հռչակել էր ՀՀԿ-ն այդ տարիներին, ու սպասվում էր մինչ 2017 թվականը։ Մասնավորապես, եթե 2013-16 թվականներին ՀՀ տնտեսությունն աճեր ՀՀԿ խոստացած նվազագույն 5%-ով, 2016-ի համախառն ներքին ծավալը կավելանար 2012-ի համեմատ 21.5%-ով: Դա տեղի չի ունեցել։ 2012-ին աղքատ էր ՀՀ բնակչության 32.4%-ը, 2015-ին՝ 29.8%-ը: Նրանցից 10.4%-ը շատ աղքատ են, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ: Խոստումն իրականանալու դեպքում աղքատությունը ՀՀ-ում կկազմեր 22.4-24.4%: Համեմատության համար նշենք նաև, որ Հայաստանում ամենացածր աղքատությունը եղել է 2007 թվականին։ Ընդհանուր հաշվարկի արդյունքում պարզ է դառնում,որ ՀՀԿ-ն կատարել է իր խոստումների կեսը, որոնք էլ, սակայն, եթե լուրջ քննարկման առարկա դարձնենք, նույնպես կարող են շատ խոցելի լինել, որովհետև, ճիշտ է, օրինակ, Հայաստանում աշխատավարձ է բարձրացել, սակայն արտագաղթի տեմպերը չեն դադարում։ Հետևաբար այդ մարդկանց պոտենցիալ աշխատավարձն ու վաստակած գումարը կարելի է բաշխել ՀՀ բնակչության մնացած զանգվածի միջև։ Ամենագլխավոր խնդիրն, ըստ այդ իշխող կուսակցության, մնում է արտագաղթի տեմպերի նվազեցումը։ Եթե հաջողի ՀՀԿ-ն, ապա մնացած հարցերը ինքնաբերաբար կլուծվեն, եթե չհաջողի, ծրագրային մյուս դրույթները ընդամենը ածանցյալ են դրանից ու նորից ունենալու ենք կիսատ-պռատ պատկեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: