Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Թեհրանում լրագրողներին ասել է, որ Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել են Հյուսիս-Հարավ էներգամիջանցքների հետ կապված հարցեր և Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումները պատրաստ կլինեն 2017 թվականի երկրորդ կիսամյակում:
Նշենք, որ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի ստեղծման ծրագիրը տարածաշրջային խոշոր նախագծերից մեկն է, որի մասնակից են երկու էներգետիկ գերտերությունները` Իրանը և Ռուսաստանը, և այն հնարավորություն է ընձեռում տարածաշրջանային էֆեկտիվ համագործակցության նախադեպ ստեղծելու համար:
Ծրագրի իրականացումը կմեծացնի Հայաստանի` որպես տրանզիտային երկրի նշանակությունը տարածաշրջանում, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ Իրանը Հայաստանին ընդունում է որպես վստահելի գործընկերոջ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում, Իրան-Ադրբեջան հարաբերություններում վստահության պակաս կա: Պատահական չէ, որ Հայաստանի կառավարությունը միջազգային մրցույթ է հայտարարել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսքագծի և տրանսֆորմատորային կայանի կառուցման համար, և միջազգային մի շարք հայտնի էներգետիկ ընկերություններ արդեն հայտեր են ներկայացրել: Այդ ընկերությունները չեն կարող հաշվի չառնել Իրան-Հայաստան հարաբերությունների մակարդակով պայմանավորված Հյուսիս-Հարավ էներգամիջանցքի ծրագրի իրագործելիության աստիճանը: Էներգետիկ ընկերությունների հետաքրքրությունը կապված է նաև այն հաշվարկների հետ, թե Հյուսիս-Հարավ էներգամիջանցքը ինչ շահութաբերություն և աշխարհաքաղաքական նշանակություն կարող է ունենալ: Ավելին` Հյուսիս-Հարավ էներգամիջանցքի գործարկումից հետո մոտակա հեռանկարում մեծ է հավանականությունը, որ ծրագրին միանան նաև այլ հարևան երկրներ: