Իմ կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իրոք քաղաքական հսկա է Հայաստանի նորագույն պատմության մեջ ու մեծ մտավորական։ Միևնույն ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը ունի մի հիմնավոր «արատ»․ նա չի սիրում Հայաստանը։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանը նրա համար զուտ աշխարհագրական մի տարածք է, և հայտնի վերապահումները հաշվի առնելով՝ Պապիի համար Հայաստանի երրորդ հանրապետությունն ավելի թանկ ու կարևոր չէ, քան, ասենք թե, առաջին հանրապետությունը կամ էլ Կիլիկյան Հայաստանը։ Նաև այս պատճառով է, որ նա Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է զուտ պատմական պրիզմայից ու իր հայտնի հոդվածներով և ելույթներով նորից ու նորից մատուցում այն միտքը, որ Ադրբեջանի հետ պետք է խաղաղության գալ, անգամ եթե դա ենթադրում է հրաժարվել ազատագրված տարածքներից ու անգամ Արցախից։
Թող պատմությունը լինի Լևոն Տեր-Պետրոսյանի դատավորն ու գնահատական տվողը։ Ի վերջո, մարդն իր տեսակետն ունի, որը փաստարկում է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմնավորումներով։ Սակայն խնդիրն այն է, որ Պապիի հետևորդները չափազանց նեղ մտահորիզոնով դուրս եկան, և Տեր-Պետրոսյանի շատ խորը վերլուծությունը թե՛ իրենք են մակերեսային ընկալում, թե՛ մատուցում են այդ միտքը շատ մակերեսային։ Եթե ընդհանրացնենք, ապա ստացվում է, որ լևոնականները ու հատկապես երիտթևը այդ ամենից հասկացել են միայն այն, որ պետք է անհապաղ հողերը հանձնել, ու կապիտուլյանտական բնույթի տրամադրությունների մեջ են։ Դա էլ հերիք չէ, գնալով դարձնում են դա իրենց քարոզչական մեխը՝ նախընտրական քարոզարշավի կոնտեքստում։
Տղե՛րք, Պապին չի ասում, որ հող հանձնելը ինքնանպատակ է, որ դուք էլ դրած հիմա էդ գաղափարին ամենատարբեր փաթեթավորումներն եք տալիս, որ ավելի դյուրամարս լինի։ Պապի ասածն այն է, որ ցանկացած պատերազմից հետո գալիս է խաղաղություն, ու մերը բացառություն չէ։ Պետք է մտածել ինչպես անել, որ Ադրբեջանի հետ այդ խաղաղությունը գա ավելի շուտ ու ավելի քիչ զիջումների գնով։ Իսկ դուք դրած կապիտուլյացիայի գաղափար եք լեգիտիմացնում ու հիանում ձեր խաղաղասիրական նկրտումներով։