Image result for politicianՔաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող են լինել քաղաքական առաջնորդի առանձին որակները: Թերևս այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի և ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները:

Խարիզմատիկ առաջնորդը միշտ չէ, որ մասնագետների ներկայացրած «մեծ գործիչն» է, և այդ առաջնորդը բոլորովին էլ միայնակ հերոսը չէ։ Չնայած նրան շրջապատող զանգվածային ոգևորությունը, որը կարելի է համեմատել միայն կրոնական զգացումի հետ, այս երևույթը միանգամայն սոցիալական է, և խարիզմատիկ կարողության մասին լեգենդը պահպանելու համար, ինչպես այլ տիպի քաղաքական գործիչների դեպքում, անհրաժեշտ են շոշափելի ռեսուրսներ և որոշակի սոցիալական խմբերի և կառույցների անընդհատ ջանքերը և մշտական աշխատանքը։

Վիճակագրության համաձայն՝ աշխարհի բնակչությունը, ընդհանրապես բավական վատ է վերաբերվում քաղաքական առաջնորդներին: Յուրաքանչյուր 10-ից 6-ը համոզված է, որ քաղաքական գործիչներն անազնիվ են, չափից ավելի մեծ իշխանություն ունեն և իրենցից ավելի հզորների ազդեցության տակ են գտնվում։

ՀՀ նման փոքր երկրներում, որոնց առաջ ծառացած են աշխարաքաղաքական լուրջ մարտահրավերներ, անհրաժեշտ են ինտելեկտուալ, հայրենասեր, զոհաբերության պատրաստ և ոչ ընչաքաղց լիդերներ: Հատկապես առանձնացրել եմ լիդերին բնորոշող այս չորս բաղադրիչը, քանի որ հենց դրանցով պայմանավորված է կառուցվում պետության հետագա քաղաքական օրակարգերը և տեսլականը:

Փոքր երկրին անհրաժեշտ է հայրենասեր լիդեր, քանի որ կոսմոպոլիտիզմն ուղղակի կործանարար հետևանքներ կունենա ազգային դիմագծի պահպանման համար: Զոհաբերության գնալու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ցանկացած ստեղծված կացությունում լիդեր-ղեկավարը կարողանում է իր անձնականը ստորադասել պետականին, և ցանկացած պահի հրաժարվել պաշտոնից ու լծակից (1998 թվականի փետրվարյան դեպքերը նշածիս վառ օրինակն է. մինչ այժմ չունենք մեկ այլ նախագահ, ով հրաժարական է տվել):

Հայ ազգը կարիք ունի պետական գործիչների, իսկ քաղաքական գործիչների պակաս առօրյայում չկա: Որպես պետական մտածելակերպով գործիչներ կառանձնացնեմ Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Ալեքսանդր Մյասնիկյանին, Աղասի Խանջյանին: Հատկապես այս չորս անհատներին, որովհետև տարբեր իրավիճակներում առանձնացել են իրենց ազգային հատկանիշներով` մոռանալով սեփական ամբիցիաների մասին. ի դեպ՝ նրանցից երկուսը մահացել են ոչ իրեն բնական մահով հենց այդ գաղափարներին և արժեհամակարգին դավանելու պատճառով:

Հետխորհրդային Հայաստանում պետական գործիչների պակաս իրականում ունենք, նախընտրական ինտրիգներից խուսափելու համար անուններ չեմ առանձնացնի, ուղղակի նշեմ, որ պետական գործիչները ազգի փրկությունն են:

Պատահական չէ, որ գոյություն ունի մի պարզ ճշմարտություն. քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները` գալիք սերունդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել