Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը և Եգիպտոսն ունեն պատմական ընդհանրություններ և ժողովուրդների միջև վաղուց ձևավորված բարեկամական ավանդույթներ: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրը մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ թե՛ միջազգային ասպարեզում և թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար՝ ընդգծելով 2016 թվականի հուլիսին Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի անդամ, լրագրող Մուստաֆա Բաքրիի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության նախագծի կարևորությունը, որին իրենց ստորագրություններով միացել են Ներկայացուցիչների պալատի 337 պատգամավորներ:
ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցությունը նոր փուլ կթևակոխի, ինչը հնարավորություն կտա քննարկումներ անցկացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` դրանով իսկ նպաստելով հասարակությունների միջև շփումների աշխուժացմանը:
Նա հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կխթանի հայ-եգիպտական հարաբերությունները, հատկապես կնպաստի միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարևորագույն խնդիրների նկատմամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, հայաստանյան իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությանը, որը կնպաստի արդար, ժողովրդավարական և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Թարեք Մաաթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եգիպտոսում մեծ ուրախությամբ են հետևում Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին:
Անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցած վերջին փոփոխություններին՝ պարոն Մաաթին նշել է, որ այսօր Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի լիազորություններն ավելի մեծ են, քան երբևէ, և դա երկրի զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է:
Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական բազմադարյան հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր է խաղացել երկրի մշակութային և հանրային կյանքում:
Թարեք Մաաթին հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, և նոր ձևավորվող խորհրդարանում նույնպես կստեղծվի հայ-եգիպտական բարեկամական խումբ:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ դեսպանը կարևորել է Եգիպտոսի հասարակության ուշադրության սևեռումն այս հարցին, քանի որ իրենք գիտակցում են դրա կարևորությունը հայ ժողովրդի համար:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Եգիպտոսը շատ արագ կվերագտնի իր կայունությունը և կվերահաստատի տարածաշրջանում ու արաբական աշխարհում իր առաջնորդող դիրքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



