Անցած շաբաթվա ընթացքում Իրանում տեղի ունեցած խուզեստանյան իրադարձություններն այս երկրի քաղաքական դաշտում սպասվող որոշ հեռանկարների նախնական պատկեր են ուրվագծում:
Խոսքը վերաբերում է Խուզիստան նահանգում բնապահպանական խնդիրների պատճառով սկսված և 6 օր շարունակված ցույցերին, որոնք, աստիճանաբար լարվելով և քաղաքական պաստառ ստանալով, հասան մի կետի, երբ պահանջվեց ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջամտությունը: Վերջինս այսօր առավոտյան հանդես է եկել կոչով՝ խնդրով զբաղվողներին հրահանգելով ընդառաջ գնալ նահանգի բնակչության պահանջներին և անմիջապես հարթել ստեղծված խնդիրները:
Խուզեստանում տեղի ունեցած ցույցերում ամենահետաքրքիրն, այնուամենայնիվ, ցույցերի ժամանակ հնչած վանկարկումներն էին, երբ նահանգի տարբեր քաղաքների կենտրոնական փողոցներում գոռում էին. «Ամո՜թ, Ռուհանի՛, ամո՜թ»:
Խուզեստանն ԻԻՀ այն երեք նահանգներից մեկն է, որտեղ Հասան Ռուհանին 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց ամենաքիչ թվով ձայներ (Խուզեստանում 34.15%): Ենթադրելի է, որ առաջիկա ընտրություններում ևս այս նահանգում ԻԻՀ գործող նախագահը ունենալու է շատ լուրջ խնդիրներ և հանդես չի գալու այստեղ ուժեղ դիրքերից: