Փոստանջյանը, ըստ էության, մինչև վերջին պահը փորձում էր փրկել կուսակցությունը, ավելի ճիշտ՝ ընտրություններին միայնակ մասնակցելու գաղափարն առաջ տանել, ինչը տեղի չունեցավ։ Ամեն դեպքում դա տեղի չունեցավ, Արմեն Հովհաննիսյանի թևը հաղթող դուրս եկավ, ու Ժառանգությունը որոշեց հանդես գալ Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի հետ։
Կուսակցությունը լքելը, իհարկե, այսօր թրենդ է դարձել, ավելի ճիշտ՝ ոչ թե լքելը, այլ մի տեղից մի ուրիշ տեղ թռչկոտելը, սակայն Փոստանջյանի պարագայում նույն բանը չենք կարող ասել։ Նրա քաղաքական տեսակետներից շատ քիչ բան կամ գրեթե ոչինչ չկա համակրանքի արժանի, սակայն սկզբունքայնության առումով Զարուհին հաստատ շատ քիչ հավասար ունի։ Եվ եթե նա որոշել է լքել կուսակցությունը, նշանակում է՝ այդ կուսակցության ղեկավարությունը ապագայի վերաբերյալ այլ տեսակետներ ունի։ Ցավալի է, իհարկե, տեսնել, թե ինչպիսի վիճակում է Ժառանգությունը՝ երբեմնի ամենահամակրելի քաղաքական ուժը Հայաստանում։ Բայց սրա մեղավորը, ինչ կուզեք, ասեք, այդ ուժի առաջնորդն է։ Տեսեք, դիցուք, 2008 թվականի Համաժողովրդական շարժումից ստեղծված Հայ ազգային կոնգրես դաշինքը, որը հետագայում վերածվեց կուսակցության, Հայաստանյան քաղաքական դաշտում մինչ այժմ մնում է օրակարգ թելադրող, ու դա հիմնականում գալիս է լիդերից։ Չնայած կուսակցությունը գնալով թուլացել է, սակայն շարունակում է մնալ քաղաքական գործոն։ Ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ Ժառանգության հետ, որովհետև վերջինիս ղեկավարը տարվա մեծ մասն անց էր կացնում հանրապետությունից դուրս ու մինչև հիմա էլ, ըստ մեզ, չի կարողանում հասկանալ հայաստանյան քաղաքական մթնոլորտի տրամաբանությունը։ Տարին մի քանի անգամ Հայաստանում գտնվելով ու մակերեսային հարցերին նայելով՝ ոչ միայն կուսակցություն, այլ ինքդ քեզ պահել չես կարող, ու թող սա լավ իմանան ժառանգականները ու առաջինը չմեղադրեն Զարուհուն կամ Արմենին: