Քաղաքական ուժերը ԿԸՀ ներկայացրեցին նախընտրական ցուցակները: Այսպիսով՝ ընտրություններին կմասնակցի 4 դաշինք, 5 կուսակցություն: Որքան էլ որ դաշինքների ստեղծման գործընթացը առաջին հայացքից թվում է, թե հասավ իր տրամաբանական ավարտին, եւ 4 դաշինք կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, այնուհանդերձ, կան դաշինքներ, որոնց ստեղծումը բավական արհեստական էր:
Օրինակ՝ շատերի համար այդպես էլ մշուշոտ մնաց այն հարցը, թե այդ ինչ հրաշքով արեւմտամետ Րաֆֆի Հովհաննիսյանն իր «Ժառանգությունով» հաջողացրեց ամենավերջին պահին «խցկվել» ռուսամետ Օհանյան-Օսկանյան դաշինքում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է նրանց հաջողվելու կոնսենսուսի գալ այնպիսի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ Ռուսաստանն ու Արեւմուտքը միանգամայն տարբեր վերաբերմունք ունեն:
Ի դեպ, ինչպես հայտնի է, «Ժառանգությունը» մինչեւ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալը ինտենսիվ քննարկումներ եւ բանակցություններ էր վարում արեւմտամետ «Ելք» դաշինքի հետ: Իսկ թե ինչու «Ժառանգության» եւ «Ելքի» համատեղ դաշինքը չկայացավ, այդպես էլ ստույգ պատասխան չհնչեց. մի երկու կցկտուր, ոչինչ չասող մեկնաբանություն եղավ:
Ինչեւէ, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի գործունեությանը հետեւելիս կարելի է հանգել այն եզրակացության, որ այն զերծ է գաղափարական հենքից, հիմնված է առանձին անձերի, նրանց շահերի սպասարկման վրա: Քաղաքականության մեջ նման միավորումները, որպես կանոն, միահամուռ չեն լինում, ինչի արդյունքում նրանց համար բավական դժվար է դառնում հասնել հաջողության: