Պատահականորեն հեռուստացույցի ալիքները փոխելով ականջս ընկավ մի օտարահունչ, աղավաղված, թյուր հայերեն, բնականաբար գրավեց ուշադրությունս և սկսեցի հետևել այդ հեռուստաալիքին: Վերջինս ադրբեջանական հայտնի ATV հեռուստալիքն է, որտեղ լուրերը հաճախ հեռարձակվում են «հայերենով», և այն էլ ի՜նչ լուրեր: Բոլորիս հայտնի է և նորություն չէ, որ Ադրբեջանը փորձում է ամբողջ աշխարհին հավատացնել, որ եղել է ոչ թե հայ ազգի կոտորած իրենց կողմից, այլ հակառակը. ադրբեջանցիների կոտորածը հայ ժողովրդի կողմից: Իսկ այ, որ որոշ չափով զարգացած Ադրբեջանը ցույց է տալիս Խոջալուի, Սումգայիթի ջարդերի հետևանքները, հայ ժողովրդի դաժանությանը զոհ դարձած ադրբեջանցիներին, սա արդեն ուշադրության արժանի է: Կադրերում ներկայացվում են ջարդոտված, արյունոտ (իսկ իրականում երևի տոմատի մածուկ), հասարակ մարդակերպ տիկնիկներ. լավ, վերջիվերջո ամոթ է, չէ՞… Ինչ ազգ, եթե իրենց ներկայացնում են որպես տիկնիկներ: Լավ, անցնենք առաջ, պատմական մեկ այլ նորություն՝ ըստ ադրբեջանական վերոհիշյալ հեռուստալիքի: Այսպես, եղել է հայերի քոչվոր ցեղ, և Ռուսաստանը առաջարկել է Ադրբեջանին օգնել խեղճ հայերիս՝ իր տարածքներից մի մասը տալ հայերին, գոյատևելու համար: Ապա հայերս, չգնահատելով ադրբեջանցիների բարությունը, սկսում ենք գրավել վերջիններիս տարածքները և դառնում ենք պետություն՝ վտարելով նրանց իրենց տարածքներից: Ահա և պատմությունը ըստ ադրբեջանցիների: Իսկ որտե՞ղ է մարդկային գործոնը: Մի՞թե մի ազգ կարող է ազգ կոչվել, երբ չունի ազգային հպարտություն, չունի ազգային ինքնասիրություն, չունի ճշմարտությունը ճանաչելու համարձակություն: Մի՞թե չեն հասկանում, որ կանգ առնելու ժամանակն է, որ բավ է արդեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել