Картинки по запросу ընտրություններԽորհրդարանական ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ երևի թե երբեք այնքան անհետաքրքիր չէին եղել, որքան այսօր են: Մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որն ընթանում է առանց քաղաքական առումով ուսուցանող որևէ տարրի: Եվ ինչպես տեսնում ենք, հզոր դաշինքների մասին կանխատեսումներն ու այդ համատեքստում նախապես բարձրացված աժիոտաժը չի համապատասխանում ԿԸՀ-ում գրանցման փուլում մեր ունեցած արդյունքներին:

Դա ունի մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ առաջացան մի քանի համեմատաբար փոքր քաղաքական բևեռներ ու ինքնուրույն կենտրոններ, ինչի հետևանքով քաղաքական դաշտում առկա հզոր դաշինքների պոտենցիալը մաշվեց: Երկրորդ՝ քաղաքական դաշտի մասնատվածությունը ստիպեց դաշինքների առանցք հանդիսացող ուժերին իրենցից հեռու պահել վարկաբեկված ու որոշակի նշաձողից թույլ քաղաքական ուժերին: Երրորդ պատճառը կարելի է համարել այն, որ ներքաղաքական գործընթացները սկսեցին զարգանալ ռեյտինգային ցուցակներում ընդգրկվող տեղային հեղինակությունների ու քաղաքական մեծ ու փոքր ուժերի առանձին հարաբերությունների տիրույթում՝ մի կողմ թողնելով քաղաքական ծրագրերի ու մոտեցումների պայքարը, ինչը հանրությանը մի տեսակ վանեց բուն գործընթացներից:

Ակնհայտ է, որ նախընտրական խաղի՝ նախկինում գոյություն ունեցող կանոնները պահպանվելու են նաև այս անգամ. ընտրակաշառքի ինստիտուտը, քաղաքական ուժերին հարող լրատվամիջոցների ակտիվությունը բամբասանքների մակարդակում, միմյանց ուղղված անկանոն քննադատությունը, նախընտրական հռետորաբանության պոպուլիստական երանգները… Այս ամենը շարունակում են պահպանվել:

Այս իրավիճակը նաև ցույց տվեց այն, որ վերջին տարիներին բազմաթիվ մանր քաղաքական միավորների ստեղծումը դրանք ստեղծողների կողմից քաղաքական առևտրի էտապում իրենց գինը բարձրացնելու նպատակ էր հետապնդում: Այլապես դրանց միավորումը տեղի կունենար գաղափարական հենքի վրա և ավելի վաղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել