2017 թվականի հունվարին աճել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի թե ներկրման, թե սպառման ծավալները: Ընդ որում «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ներկրված գազի ծավալները այս տարվա հունվարին 2016 թվականի հունվարի համեմատ աճել է 31 տոկոսով, իսկ գազի սպառումը նույն ժամանակահատվածում՝ 2016-ի հունվարի համեմատ աճել է 38,5 տոկոսով:
Գազի սպառման ծավալների աճը արդարացնում է գազամատակարար ընկերության սպասելիքները, որ կապույտ վառելիքի սակագների նվազումը կհանգեցնի սպառման ծավալների մեծացման: Պետք է նկատել, որ նախքան գազի սակագների նվազեցումը կրճատվել էին սպառման ծավալները, ինչը իր բացասական ազդեցությունն էր թողնում գազամատակարարի շահույթի ծավալների վրա:
Գազի սակագնի նվազեցումը սպառման ծավալների ավելացումից զատ դրական էֆեկտ է ունեցել նաև տնտեսության մի շարք ոլորտների վրա: Խոսքը վերաբերում է մասնավորապես ջերմոցային տնտեսությանը և վերամշակվող արդյունաբերության առանձին ճյուղերին՝ մասնավորապես պահածոների, խմիչքների արտադրությանը, որը այս ոլորտներում ներգրավված տնտեսվարողների համար ստեղծված սակագնային արտոնյալ պայմանների ստեղծման արդյունք է: