Картинки по запросу հհկՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին հինգ համարները շատերի համար անակնկալ էին։ Ավելի ճիշտ՝ անակնկալ էր այդ ցուցակում Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի անունների բացակայությունը։ Անդրադառնանք այդ անուններին, որոնց հանրությունը, իհարկե, ծանոթ է, սակայն քաղաքական կշռի իմաստով միգուցե նրանց չէր պատկերացնում ցուցակի առաջատար հորիզոնականներում։

Վիգեն Սարգսյան - Նա իսկապես քաղաքական ֆիգուր է, քաղաքական գործչին հատուկ ինտելեկտով, շատ հաճախ գուցե խոսքի ակադեմիական մատուցմամբ, սակայն, միևնույն ժամանակ, դաշտում բովանդակային դիալոգ ներարկելու հստակ կարողությամբ։ Իհարկե, զգացվում է, որ դեռ փորձի պակաս կա, մասնավորապես՝ հայկական քաղաքական խոհանոցի, ընդդիմադիր օպոնենտների դոզավորված հռետորաբանությունը հաղթահարելու առումով, սակայն կարծում ենք՝ ժամանակի ընթացքում դա նույնպես կհաղթահարվի։

Տարոն Մարգարյան - Երևանի քաղաքապետը նույնպես բավականին մեծ հեղինակություն ունի թե՛ կուսակցության ներսում ու թե՛ հանրության շրջանում, որը, ինչ խոսք, որոշակիորեն նվազեց տրանսպորտի գների թանկացման դեմ պայքարի շրջանակներում։ Մարգարյանն աշխատում է խուսանավել իր գնահատականներում քաղաքական շեշտադրումներից, սակայն նույնիսկ երբ անում է, թե՛ մրցակիցների, թե՛ գործընկերների հանդեպ խոսում է հարգանքով։ Երևանցիները նրա մեջ տեսնում են հին երևանցու մարմնացումը, ով իր հոր նման փորձում է ավելի շատ լինել մարդկանց մեջ ու նվազագույնի հասցնել պաշտոնական դիրքը հասարակական ընկալումներում։

Արփինե Հովհաննիսյան - Կարծրատիպացած քաղաքական դաշտում կանանց դերակատարությունը այնքան էլ չի կարևորվում ու շատ հաճախ դառնում նաև քննարկման առարկա։ Արփինե Հովհաննիսյանը գալիս է ոչ այնքան կոտրելու այդ կարծրատիպը, որքան արձանագրելու, որ կնոջ տեսքն ու ինտելեկտուալ կարողությունները միանգամայն համատեղելի են քաղաքական գործունեություն ծավալելու ու հաջողություններ գրանցելու հետ։

Արա Բաբլոյան - Հին գվարդիայի ներայացուցիչների կազմում էլ կարծես թե տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պայմանավորված են ավելի շատ կուսակցության ռեստարտի ապահովմամբ։ Ակնհայտորեն մարազմատիկ ու կցկտուր բառակույտերի փոխարեն, որոնք ապահովում էր Գալուստ Սահակյանը, գալիս է փոխարինելու Բաբլոյանը, ում, ճիշտ է, քչերն են ընկալում որպես հանրային պերսոնա, սակայն խոսքի կառուցման ու կուսակցության մեջ ունեցած ազդեցությամբ հաստատ չի զիջում Գրիգորիչին։

Արմեն Ամիրյան - Ամիրյանը մարմնավորում է 90-ականների էպոխայի մշակութային հասարակությունն ու այդ տարիների ինտելիգենցիայի ներկայացուցիչն է, ով բարեհաջող կերպով կարողացավ դիմանալ ժամանակի մարտահրավերներին ու պահպանելով սրբազան հինը՝ ինտեգրվել նոր հասարակարգին։ Ճնշումը նրա վրա մեծ է, սակայն վերջինս առայժմ բարեհաջող կերպով իրականացնում է իր աշխատանքները, թեպետ մշակութային պրոգրեսի մասին խոսելն առայժմ ժամանակավրեպ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել