Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետին մնում է 3 օր, ու մինչև հիմա հայտնի չեն ո՛չ համամասնական, ո՛չ տարածքային ցուցակներում ներգրավված անունները։
Հայտնի են միայն ՀՀԿ որոշ անուններ տարածքային ցուցակներից, Օհանյան դաշինքի առաջին երեք համամասնականները ու էլի մի քանի առաջին համար։ Մեկ էլ հայտնի է, որ ՀՅԴ Արծվիկ Մինասյանը առաջադրվելու է Արմավիրում։ Վերջ։
Հիմա ծրագրերի մասին։ Եթե իշխող կուսակցության ծրագիրը քիչ թե շատ պարզ է, կառավարության գործունեության մեջ արտահայտված է, ռադիկալ փոփոխություններ դժվար լինեն, ես վախենում եմ հարցնել մնացածին. ընկերներ, եթե զուտ ցուցակ կազմելը տևում է այսքան երկար ու ծանր, ձեզ մոտ որևէ ծրագիր առհասարակ պատրաստ կա՞։ Որևէ հաշվարկ։ Որևէ տեսլական կա՞։ Թե՞ նախընտրական ծրագրերն ունեն մի քանի օր առաջ Ծառուկյանի ու Արթուր Բաղդասարյանի ելույթների պես բարեմաղթանքների տեսք։
Եթե բարեմաղթանքները բավարար են ներկայանալու համար, կարող եմ պատրաստել նախընտրական ծրագրեր բոլոր քաղաքական ուժերի համար։ Ոչ շատ թանկ :)
Հիմնական կետերը ասե՞մ, որոնք կարելի է ընդգրկել բոլոր ծրագրերի մեջ։
* Հարկերի վերացում մանր ու միջին բիզնեսի համար: Հաշվարկ անել՝ ինչքան կկորցնի պետությունը ու որքան ժամանակից հետո կսկսի շահել, պարտադիր չէ։
* Կարմիր գծերի ու արագաչափերի վերացում։ Ով ոնց կարա, թող քշի։
* Արտագաղթի շուտափույթ վերացում։ Ներգաղթի խթանում։ Արագի մեջ։
* Կոմունալ վճարների նվազեցում։ Այ Թուրքմենստանում գազը անվճար է, օրինակ։
* Բարձր աշխատավարձերի սահմանում։ Ինչպես Նորվեգիայում։
* Էժան գների սահմանում։ Ինչպես Սաուդյան Արաբիայում։
* Անվճար ու հասանելի բուժօգնություն բոլորի համար։ Ինչպես Շվեդիայում։
* Անվճար ու հասանելի կրթություն բոլորի համար։ Ինչպես Ֆինլանդիայում։
* Մաքուր շրջակա միջավայր։ Ինչպես Շվեյցարիայում։
* Բարի ու գեղեցիկ մարդիկ փողոցներում։ Ինչպես Հոլանդիայում։
Փող էլ պետք չի ինձ, վերցրեք այս գրածս, կիրառեք որպես նախընտրական ծրագիր։ Լավ նայվում է։