Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր համագործակցությունը Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի շուրջ ձևավորված դաշինքի շուրջ։ Այսպիսի լուրջ տոնով հայտարարությունից հետո մնում է հարցնել, թե վերջինս իսկապես իրեն համարում էր լոկոմոտիվ տվյալ դաշինքում, թե պարզապես հերթական հերթապահ հայտարարությունն է արել։ Ակնհայտ է, որ Վիկտոր Դալլաքյանի քաղաքական կարիերան մոտենում է մայրամուտին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քաղաքական ռեաբիլիտացիան հրաշքների ժանրից է, դժվար թե վերջինս կարողանա շուտ ուշքի գալ։ Հիմա էլ հո Սերժ Սարգսյանը չի զանգել ու սպառնացել նրան, թե մնալով Օհանյանի դաշինքում՝ նրան կարող է ինչ-որ բան պատահել։ Պարզապես պարոն Դալլաքյանին չի գոհացրել այն տեղը, որտեղ նրան առաջարկել են դաշինքում, ու վերջինիս դա չի գոհացրել, ինչպես որ չէր գոհացել Արամ Գ. Սարգսյանին, Պարույր Հայրիկյանին և այլոց, որոնք սկզբնական համաձայնության էին եկել Սեյրան Օհանյանի հետ։ Անկեղծ ասած՝ դաշինքը Դալլաքյանի կորստից այդքան շատ չի տխրի, որովհետև Հայաստանի ներքաղաքական դաշտում դժվար է պատկերացնել մի գործչի, ով ավելի վարկաբկված լինի, քան Դալլաքյանը։ Նրա՝ քաղաքական առուծախերին մասնակցության ձևաչափն ու մասշտաբը հայտնի է բոլորին, իսկ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնը թողնելուց ու դրա դիմաց բերված արոգումենտներից միայն մարդու ծիծաղ է առաջանում։ Ամեն դեպքում փաստենք, որ Վիկտոր Դալլաքյանը, ով նախկինում համարվում էր Հայաստանի ամենախելացի քաղաքական գործիչներից մեկը, այսօր փաստացի ոչ մեկի պետք չէ, իհարկե, եթե Դալլաքյանը նոր պարտնյոր չգտնի ու չմասնակցի գալիք ընտրություններին, հիմա էլ, ասենք... «Ազատ դեմոկրատների» հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: