Դիմում եմ ձեզ մի շարք ՀՀ քաղաքացիների անունից, ովքեր մտահոգված են իրենց փոքրիկների առողջ և բարեկեցիկ ապագայի համար:
Մենք բնակվում ենք Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բանավան թաղամասում: Բանավանը գտնվում է Երևանից 20 կմ, իսկ Գառնի գյուղից 5 կմ հեռավորության վրա: Մենք ամբողջովին կտրված ենք արտաքին աշխարհից: Չի գործում ոչ մի տրանսպորտային միջոց, որը մեզ կկապեր գյուղի հետ, որպեսզի մենք կարողանայինք օգտվել նորմալ կյանքի համար անհրաժեշտ ծառայություններից (խանութ, դեղատուն, հիվանդանոց, նախակրթական հաստատություն): Բանավանում բնակվում են բազմաթիվ փոքրիկներ, գործում է կրտսեր դպրոց, սակայն երեխաների ժամանցի համար չկան տարրական պայմաններ: Նախկին խաղահրապարակից մնացել են մի քանի ժանգոտված երկաթի կտորներ:
Սակայն այս ամենը չարյաց փոքրագույն է: Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեր թաղամասում աղբահանություն չի իրականացվել: Բնակիչների նախաձեռնությամբ առանձնացվել են տարածքներ, որտեղ բնակիչները թափում են կենցաղային աղբը: Բնակիչները, ժամանակ առ ժամանակ, աղբը այրում են, սակայն թափառական շների միջոցով աղբը տարածվում է ամբողջ թաղամասով:

Այս աղբանոցները գտնվում են բնակելի շենքերից 20-30 մ հեռավորության վրա:




Բացի այս` Գառնի տանող գլխավոր մայրուղուց դեպի Բանավան տանող ճանապարհի սկզբնամասը վերածվել է անհայտ մարդկանց կամ կազմակերպությունների անհատական աղբանոցը: Ճանապարհի եզրերին տարիներ շարունակ թափվում է շինարարական աղբ:

Այսպիսի հակասանիտարական վիճակը անթույլատրելի է:
Մենք և մեր խնդիրները լիովին անտեսված են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բազմիցս դիմել ենք գյուղապետին, նամակով դիմել ենք նաև Կոտայքի մարզում մեծամասնական ընտրակարգով անցած ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանին, սակայն` անարդյունք:
Այդ պատճառով դիմում ենք ձեզ խնդրանքով` որպեսզի դուք վերահսկեք տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը և ապահովեք այն նվազագույն պայմանները, որոնց դեպքում մենք, մեր ուժերի ներածին չափով, կփորձենք ապրել արժանապատիվ և ապահով մեր հայրենիքում:
Հարգանքներով:



