Օրեր առաջ այս գաղտնաստատուսն էի գրել՝
«Իշխանությունները կեղծ թիրախ են:
Իշխանությունների դեմ պայքարը, որ նուրբ ձևերով կազմակերպվել ու հրահրվում է դրսից ահա արդեն քսան տարի, մի կարևոր նպատակ ունի՝
թույլ չտալ, որ հանկարծ ազգովի խորհենք ավելի լուրջ հիմնահարցերի շուրջ»:
Իմ կողմից հարգված մի անձնավորությունից ստացա գրություն, ուր մասնավորապես ասվում էր՝
«Դու փաստորեն ժամանակ առ ժամանակ այս գիտակցությունից դեպի բնազդ ապրող մի քանի շերտերին լուրջ սնունդ ես տալիս, քողարկված մտքերովդ ու դրա վրա այս նախճիրը իր երևակայական խրախճանքն է մեկնարկում...
Չգիտեմ, ինչու ես անում, բայց վստահ եմ, որ շատերը քեզ որպես արդեն հայտնի քաղաքացի համարելով, ստատուսներիդ հաշվին բնորոշում են մի ողջ ազնիվ գործընթաց, որպես դրսի սադրանք...
Նման մեսիջները քեզ մոտ արդեն պերմանենտ են ... ես դա արդեն այլ կերպ եմ ընկալում...»:
Ես նրան պարզաբանում ներկայացրի: Հաշվի առնելով ստատուսներիս հնարավոր տարընթերցումը՝ այդ պարզաբանումը, որոշ ընդհանրացումներով, ներկայացնում եմ նաև ՖԲ ընկերներիս:
«Բայց ինչու՞ էր ինձ թվում, թե գոնե դու կհասկանայիր ասածիս խորքերը:
Որևէ ազնիվ գործընթացի վնասել չեմ ուզում, բայց երբ տեսնում եմ, որ այդ ազնիվ գործընթացը արդյունք չի տալու թերմտածված լինելու պատճառով ու նոր հուսալքություն է բերելու, չեմ կարող չարտահայտվել:
Նախորդ շարժումների ժամանակ լռում էի՝ հաստատ իմանալով, որ ձախողվելու են: Լռում էի, որ խոսքս չքաղաքականացվեր: Եվ հիմա ինձ մեղադրում եմ դրա համար:
Երբ ասում եմ՝ դրսից հրահրվում է, նկատի ունեմ այն, որ մեզ պարտադրել են օրենքներ ու սահմանադրություն, որոնց պատրաստ չենք, ու դրանք ականի նման պարբերաբար պայթեցնում են մեզ՝ թույլ չտալով խորհել իրական Ելքի մասին: Ու երկիրն էլ խաղալիք է դառնում դրսի ուժերի ձեռքին:
Մի՞թե դու իսկապես կարծում ես, թե չեմ հավատում քո, մյուսների ազնվությանը. չէ՞ որ արդարության կարոտ այդ աչքերը ես էլ եմ տեսնում Ազատության հրապարակում, և այդ աչքերից ես էլ ունեմ:
Ասել եմ ու կրկնում եմ՝ երկրի ներկա վիճակում մեկ ընդդիմադիրն ինձ համար հազար իշխանամետ արժե: Եվ դեռ տարիներ առաջ եմ հրապարակավ մտահոգությունս հայտնել, որ թերմտածված շարժումները ահավոր վտանգավոր են երկրի համար, քանի որ դրանք վերջնարդյունքում ջախջախում են արդարությունը կարևորող, արդարության համար զոհողության պատրաստ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԻՆ, ով երկրի սյունն է ու հանգամանքների բերումով փոքրամասնություն է: Դու մտածու՞մ ես այն աղետի մասին, որը կգա, երբ այդ փոքրամասնությունը, վերջնականապես հուսալքվելով, կպատյանավորվի կամ կլքի երկիրը:
Թող ոչ մեկը չասի, թե իր սիրտն իմից շատ է ցավում երկրի ու այդ ՀԱՅերի համար. երկրի վիճակը հաղթահարելու Ելքը գտնելուն կյանքիցս տասնյակ տարիներ եմ նվիրել, մի կողմ թողնելով ընտանիքիս հոգսերը՝ տարիներ եմ անցկացրել գրադարաններում, իմ սուղ միջոցներով գրքեր հրատարակել ու նվիրել քաղաքական դաշտի երևելիներին, մտահոգ մարդկանց: Ու դրա դիմաց հաղորդումներս են փակվել, աշխատանք եմ կորցրել:
Երկրի վիճակն ահավոր վատ է, աղետալի, բայց այն ուղին, որով գնացել ու շարունակում են գնալ մեր ընդդիմադիր առաջնորդները՝ ոչ միայն դրական արդյունքի չի հասցնելու, այլև կործանարար է:
Ախր դու կարդացել ես «Կոնսերվատիվ հեղափոխություն» գիրքս. համեմատիր, խնդրում եմ, ներկա շարժումը այն շարժման հետ, որը դեռ պիտի լինի, և որը մեզ կհանի այս վիճակից: Մի՞թե չի երևում թերի լինելը:



