58345aaa9db273fea1bb29be9c9fdb39

И в страхе бежал разбитый Главный Буржуин, громко  проклиная
эту страну с ее удивительным народом, с ее непобедимой армией и
с ее неразгаданной Военной Тайной.

Մայրենիի չեմ հիշում որերորդ դասարանի գրքում սովետա-բոցաշունչ մի ոտանավոր կար (նույնիսկ չեմ հիշում՝ ոտանավո՞ր էր, թե՞ պատմվածք), որ մխրճվել է հիշողությանս մեջ։ Ո՛չ առանց այդ էլ թույլ հիշողությանս, ո՛չ էլ ամենազոր Ջուջուլի օգնությամբ չկարողացա էդ ոտանավորի տեքստը վերականգնել, բայց սյուժեն մոտավորապես էսպիսին էր. սպիտակգվարդիականները բոլշևիկ հեղափոխականների են բռնում, տանում են գնդակահարության։ Հեղափոխականների շարքում մի պատանի կա՝ շատ ջահել։ Սա թե՝ թողեք, գնամ մորս հրաժեշտ տամ, գամ։ Երդում է ուտում, որ չի խաբի, կգա։ Սպիտակ սպաներից մեկի գութը շարժվում է. երեխա է դեռ ախր։ Ասում է՝ գնա՝ մտածելով, որ ազատեց մահվանից։ Սա էլ գնում է, մորը հրաժեշտ տալիս ու ետ գալիս, թե՝ «պատրաստ եմ ահա, դե՛հ, կրակեցեք»։

Էդ արարմունքի շուրջ շատ մտածեցի էդ դպրոցահասակ վախտերս։ Դրա իմաստը չէի ընկալում, բայց զգում էի, որ ինչ-որ վեհ բան կար էդ ոտանավորի մեջ։ Պաթոս կար։

Հետո՝ արդեն տարիներ անց, եկավ էն հասարակ իմաստությունը, որ պաթոսը սին բան է։ Թակարդ է: Իրական կյանքում եթե էդ տղեն գնար զոհվելու, հեղափոխականների կողմից ընդամենը մի զոհ ավել կլիներ։ Ու վերջ։

Իրական կյանքում, ախր, մահը էն սահմռեկցուցիչ վեհությունը չունի, ոնց սովետի Մալչիշ-Կիբալչիշատիպ ոտանավորներում կամ ոնց Հոլիվուդի ֆիմերում։ Մահը մահ է։ Սառը։ Տգեղ։ Ու հիմնականում՝ անիմաստ։

Մահ իմացյալը գուցեև անմահություն է, սակայն լոկ հայրենասիրական բանահյուսությունում, ռազմի դաշտում..., բայց ոչ քաղաքականության մեջ։

Քաղաքականության մեջ իդեալները սին են, գաղափարախոսությունները՝ կեղծ, անձնազոհությունը՝ չարդարացված։

Քաղաքականության մեջ ճանապարհ են հարթում պրակտիցիզմն ու «մուտիլովկաները»։ Ցավալի, բայց հազարամյակներով ապացուցված փաստ է։ Ոնց որ էդպես էլ չսերտված։

Հետևիցդ եկո՛ղ ունես, ասել է թե՝ ո՛ւժ ունես, պահանջնե՛ր դիր, բանակցի՛ր շահերիդ համար։ Ամբողջը չես կարողանում խլես՝ մա՛սը վերցրու, հետո՝ ավելին։ Քայլ առ քայլ կհասնես ամբողջին էլ, եթե հետևողական ես։ Ամեն քայլի հետո ուժեղացրու դիրքերդ՝ ապացուցելով նպատակներիդ արդարացվածությունը, դրանց հասնելու կարողություններդ։ Քո՛ խաղի կանոնները հաստատիր, բայց այդ կանոններն այնպիսին պիտի լինեն, որ հակառակորդներդ ստիպված լինեն խաղա՛լ այդ կանոններով, ոչ թե արհամարհեն ու ավելի ևս ուժեղացնեն իրենց դիրքերը։ Դրա համար բանակցո՛ւմ են։ Թաքո՛ւն, փա՛կ։ Ո՛չ թե հրապարակավ, որտեղ ամեն ասված խոսքը հանրությանն է ուղղված, ու որտեղ երեսը փրկելու մարդկային հուժկու զգացմունքը բոլոր այլ շահերին ու ծրագրերին կարող է մի կողմ գցել։ Մնացած, հրապարակային ու թատերականացված մասը հետո կապահովես։ Երբ արդարացված կլինի։

«Aut caesar aut nihil» մտայնությունն արդարացված է, եթե դրա համար բավականաչափ ուժ ունես։

Ցու՛յց տուր հմուտ լիդեր, խորամանկ քաղաքական գործիչ լինելու ունակություն։ Ունակություն, որը ծայրահեղ պահանջված է լինելու հատկապես եթե նպատակիդ հասնես, որի միջոցով հարյուր հազարավոր «գառլախների» պիտի կարողանաս բռումդ պահել։ Չէ՞ որ նրանք հայտ են ներկայացնելու իրենց պոստերում մնալու, իրենց կերակրատաշտից չկտրվելու։ Նրանք շատ են։ Նրանք հարուտ են։ Նրանք չեն վարանում միջոցներ ընտրելիս։ Նրանք վարկաբեկելու են, ծաղրելու ու քննադատելու են։ Ցու՛յց տուր, որ նրանց ախորժակները փակելու ունակություն ունես։ Նահատակությամբ դրան չես հասնի, ախր։ Նահատակվելով միայն Հիսուսն է աշխարհը փոխել։ Ոմանք էդ նահատակությունը կօգտագործեն իրենց դիրքերն ուժեղացնելու ու էդ ուժեղ դիրքերից բանակցելու, իրենց բաժինը մեծացնելու համար։ Այդպես եղել է և այդպես կլինի։ Միառժամանակ հետո ամեն ինչ կվերադառնա իր հունին. գռփողը կգռփի, բողոքողը ստատուսներ կգրի, գնացողը կգնա։

Փետրվարի 18-ին քվեարկել եմ հեռատես ու պատճառաբանված քայլեր կատարելու ունակ մարդու (սխալական մարդու, ոչ թե անսխալական կուռքի կամ ժողովրդի ողջ հոգսերն իր ուսերին առած, իմ համար տառապանքներ կրող տիտանի. էդպիսին ուղղակի չի լինում, պետք չի մարդուն փչացնել հերոսացնելու միջոցով), ստրատեգիական մտածելակերպով քաղաքական գործչի համար, սակայն, ցավոք, դրանց դրսևորումը որոնում, բայց չեմ գտնում էս հողմաղացների դեմ անհասկանալի պայքարում։ Ի՛մ համար անհասկանալի։ Որովհետև էս պայքարի արդյունքում, մտավախություն ունեմ, առկա վատթար իրավիճակն էլ ավելի կվատթարանա, քանի որ երրորդ ուժերն իրենց ոտքի տեղն են ուժեղացնելու՝ կա՛մ լցնելով բնակչության ընդդիմադիր մասի գործողությունների կամ մտքերի ուղղորդման գործում առաջացած վակուումը, կա՛մ երես առնելով էն հանգամանքից, որ էդ գործողություններն ու մտքերը որևէ կերպ չեն ուղղորդվում և, հետևաբար, որևէ բան փոխելու, որևէ ճնշում գործադրելու վտանգ չեն պարունակում։

Իմ կողմից շատ հարգված ընկերներից ու կամրադներից շատերն էսօրվա գործողություններում մեծ իմաստ են գտնում։ Բարոյական՝ գուցե։ Գործնական՝ չեմ տեսնում։ Հուսամ, որ սխալվողը ես եմ։

Իսկ Մալչիշ-Կիբալչիշի ու նրա «կուռ խոսքի» մասին հեքիաթը ընդամենը հեքիաթ էր։ Գեղեցիկ ու անիմաստ։

А  Мальчиша-Кибальчиша  схоронили  на  зеленом бугре у Синей
Реки. И поставили над могилой большой красный флаг.
Плывут пароходы -- привет Мальчишу!
Пролетают летчики -- привет Мальчишу!
Пробегут паровозы -- привет Мальчишу!
А пройдут пионеры -- салют Мальчишу!

Ին մայ վերի համբլ ըփինիըն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել