Ինչպես գիտենք, օրերս «Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարել է, որ Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների նվազելու են միջինում 2 հազար դոլարով, իսկ որոշ բեռների տեսակների համար իջեցումը հասնելու է 80 տոկոսի:
Դա շատ լավ նորություն էր արտահանումով և ներկրումով զբաղվող գործարարների համար, քանի որ նման կերպ հնարավոր կլինի նվազեցնել հայկական ապրանքների գները, ինչը դրական կանդրադառնա տեղական արտադրանքի մրցունակության վրա հատկապես ռուսական շուկայում: Դրանից զատ` պետք է ակնկալել Հայաստան ներմուծվող ապրանքների գների նվազում:
Վերին Լարսին այլընտրանք համարվող լաստանավային փոխադրումը միակ տարբերակը չէ: Գործադիր մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարականների համաձայն` ամսվա վերջ ներկայացվելու են այլընտրանքային փոխադրման այլ տարբերակներ:
Այս կոնտեքստում կարելի է դիտարկել նաև Իրանի տարածքով դեպի Կասպից ծովի Բենդեր-Էնզելի նավահանգիստ, այնտեղից էլ ռուսական նավահանգիստներ բեռնափոխադրումների կազմակերպման տարբերակը: