Times.am-ը գրում է.
 Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ վեց հոգանոց խումբը հատել է թուրք-հունական սահմանով հոսող Մարիցա գետը և ապաստան խնդրել հունական կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Գետի վրա ոստիկանության կողմից հայտնաբերված խումբը կազմված է երկու գործարարից, նրանց կանանցից և բարեկամներից: Ապաստան խնդրած անձինք հայտարարել են, որ Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո իրենք ճնշումների են ենթարկվել: Նրանք տեղեկացրել են նաև, որ մաքսանենգներին 1000-ական եվրո գումար են տվել` դեպի Հունաստան իրենց անցումը կազմակերպելու համար:

Ֆրանսիական AFP գործակալությանը Հունաստանի սահմանային ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի շուրջ 100 քաղաքացի հատել է Մարիցա գետը: Ոստիկանության տվյալներով` փախստականների շարքում մեծ թվով ակադեմիկոսներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել