Չգիտեմ, թե մյուս մասնակիցները ինչպես են ներկայանում ձեր տաղավար, բայց Վարդենիսից Թովմասյանները արդեն հնչեցրել էին ահազանգը – գնում են բոլորին խայտառակ անելու։ Դուք, որ լսեցիք այդ պատմությունը, տեղը տեղին գրառեցիք ամեն ինչ, հետո էլ եթերից հստակ հնչեցրիք անմեղ մարդկանց անուններ, չհասկացա՞ք, որ իրենք ձեր օգնության, խորհուրդների կարիքը չունեն, չհասկացա՞ք, թե՞ չուզեցիք հասկանալ։ Բոլոր առումներով հերոսուհին ամուսնալուծված է, տնից վտարված, ստանում է չտեսնված ալիմենտ, օգտվել է լավագույն փաստաբանի ծառայություններից և գործը հասցրել է վերջակետին։ Նշանակում է, որ ձեզ մոտ գործում է խոսքի ազատության հայավարի ձևը, այն է՝ յուրաքանչյուր ոք կարող է չհիմնավորված պատմություններով ներկայանալ տաղավար, օգտագործել այն որպես արենա և բարբաջել ու բանսարկել։
Ձեր աշխատակցուհի Լիլիթը հեռախոսով խոսել է տղայի ծնողների հետ. հայրը խնդրել է գնալ Վարդենիս, նույնիսկ խոստացել է ճանապարհածախսը ապահովել։ Ինչու՞ չեք գնացել, տեղում պարզել եղելությունը, խոսել բազմաթիվ վկաների ու ականատեսների հետ։ Եթե գնայիք, պարո՛ն Հրաչ, կհամոզվեիք, որ գործ ունեք անբարոյականության արտառոց դրսևորման հետ, երբ մայրը, մի ողջ ընտանիք տան երկրորդ հարկում քնած թողնելով, ինքը երկաթյա դուռը փակում է մեկուկես տարեկան փոքրիկի վրա և ողջ գիշեր անհետանում ու երբ համոզվեիր, պարո՛ն, հոնքերդ զարմանքից չէին թռչի ճակատիդ, կհասկանայիր, որ գյուղացի, տարիքով կինը, ճիշտ է ոչ կոռեկտ և գրական, բայց կոչել է իրերն իրենց անուններով։ Եթե գնայիք, կհամոզվեիք, որ տան սանհանգույցը դարպասների ներսում է, որ գիշերային լռության մեջ ողջ թաղը լցրած երեխայի ճիչը ու հարազատների աղաղակները, «որոնք փոքրիկին դուրս են բերել կիսաջարդ լուսամուտից» չէր կարող չլսել բաղնիքում շորերով «իրեն լվացող» ու մոր հետ բջջայինով խոսող ձեր հերոսուհին։ Եվ ամենակարևորը՝ կհասկանայիք, որ ժպիտ առաջացնող վերնագիրը բոլորովին էլ տեղին չէ այս դրամատիկ պատմության համար, չնայած դժվար թե զսպեիք գայթակղանքը, և տանտիրոջ անունն իմանալով՝ «Ալֆրեդի սենյակ» պատրաստի արտահայտությունը չօգտագործեիք. չէ՞ որ դուք գեղարվեստական հնարանքների և բառախաղերի սիրահար եք, վարպետ չասեմ։ Դե իհարկե, ո՞ւմ էր պետք այդքան ճանապարհ անցնել, երբ տաքուկ սենյակում նստած կարելի է «կլիենտին» խոսեցնել և հապճեպ ու արագ կազմակերպել ցածրորակ թափթփված, անհեթեթ շոու։ Ուզում եմ տեղեկանաք, որ «Կիսաբացից» Լիլիթը խոսեցրել և խաբեությամբ ձայնագրել է արդեն կես տարի սթրեսային վիճակում գտնվող մարդկանց և ստորությամբ կորզած տեղեկությունները հասցրել «Կիսաբացից» ներս։ Եվ վերջապես, ո՞ր բարոյական իրավունքով եք հնչեցնում այդ բոլորի հետ բնավ կապ չունեցող անուններ և բառախաղ խաղում։ Այդ ի՞նչ գրքային, մաքուր և ճարտար հայախոսի կերպարի մեջ ես մտել, Սրաչ–Հրաչ։ Ուշքի եկ. դու ընդամենը չստացված ընդօրինակող ես։ Ո՛չ հայ հասարակությունն է պատրաստ այսպիսի շոուների, ո՛չ էլ դու երբևիցե կնմանվես ռուսական նմանատիպ շոուի հեղինակ, մեծատառով մարդ ԱՆԴՐԵՅ ՄԱԼԱԽՈՎԻՆ։



