Картинки по запросу lapshinՀայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջան ու այս պահին Բաքվում սպասում է իր դատավճռին։ Լապշինի ճակատագիրը հավանաբար որոշվելու է Իսրայել–ՌԴ–Ադրբեջան եռանկյունում, քանի որ Լապշինը Իսրայելի ու ՌԴ-ի քաղաքացի է, իսկ Մոսկվան ու Թել-Ավիվը հսկայական ազդեցության լծակներ ունեն Բաքվի վրա։ Հասկանալի է, որ Ադրբեջանի պես պետությունում անկախ դատարան և արդարատության անաչառություն ակնկալելը միամտություն կլինի. Լապշինի ճակատագիրը կախված է մեկ մարդու` Իլհամ Ալիևի քմահաճույքից, թե ինչ նրան կառաջարկեն Մոսկվան ու Թել–Ավիվի Լապշինի գործի վրա «աչք փակելու» դիմաց։

ՌԴ-ն և Իսրայելը ռազմա-տեխնիկական գլխավոր գործընկերներից են Ադրբեջանի համար`Մոսկվան Մինսկի խմբի շրջանակներում ներգրավված է ղարաբաղյան գործընթացում, ՌԴ-Ադրբեջան տնտեսական մեծ փաթեթ կա կյանքի կոչելու` ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծ և այլն, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղ, միլիոնավոր ադրբեջանցի միգրանտներ ՌԴ-ում և այլն։ Իսրայելն էլ ադրբեջանական նավթի սպառողներից է ու նորագույն զենքերի մատակարարը Ալիևի ռեժիմին։ Ազդեցության լծակներն առկա են, մնում է՝ Ալիևը «ենթարկվի» այդ լծակներին և չփորձի ցուցադրական, «մյուսների աչքը վախեցնելու» համար իրական մեծ պատժաչափ սահմանել բլոգերի համար։

Ինչ վերաբերվում է Բելառուսին, ապա պետք է հաշվի առնել Մինսկի ու Բաքվի խորը տնտեսական կապերն ու Լուկաշենկոյի ցանկությունը պահպանել լավ հարաբերությունները Ալիև ընտանիքի հետ։
Բելառուսն Ադրբեջան է արտահանում մեքենաշինական արտադրանք, դեղորայք, սննդամթերք և այլն: Բելառուսն Ադրբեջանից ներկրում է ալյումին, նավթամթերք, գյուղատնտեսական արտադրանք: Այսօր Ադրբեջանում գործում է բելառուսական կապիտալով երեք ձեռնարկություն: Բելառուսում գործում է արդրբեջանական կապիտալով 18 ընկերություն և 30 համատեղ ձեռնարկություններ:

Երկու երկրների արտադրական կոոպերացիայի առաջատարը Գյանջայի ավտոմոբիլային գործարանն է, որտեղ 9 տարվա ընթացքում արտադրվել է 6.5 հազար Բելառուս տրակտորներ և ավելի քան երեք հազար ՄԱԶ բեռնատարներ: Ադրբեջանը Բելառուս է արտահանում նաև նավթ ու նավթամթերք: Հոկտեմբերի 19-ին Օդեսայի նավահանգիստ է ժամանել 84,7 հազար տոննա ադրբեջանական նավթ՝ Բելառուսի համար, փոխանցում է նավահանգստի մամուլի ծառայությունը: Նավթն երկաթգծով տեղափոխվելու է Մոզիրսկի նավթավերամշակման գործարան:

Ինչ մնում է ՀՀ-ի շահերին, ապա մի շարք միջոցառումներ` բողոքի նոտա, ցույց Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ և քաղաքական-հասարակական մեծ աղմուկ՝ ի պաշտպանություն Լապշինի, այո, դա անհրաժեշտ էր։ Սակայն պետք է խուսափել առավել կտրուկ ժեստերից. հնչում են պահանջներ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ, խզել տնտեսական կապերը և այլն։ Հենց դա էլ Ադրբեջանի նպատակն է` խարխլել ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ԵԱՏՄ-ում նրա դաշնակիցների միջև կապերն ու Երևանին թողնել առանց ֆորմալ դաշնակիցների` Ղազախստանն ու Բելառուսը միշտ էլ քվեարկել ու գործել են հօգուտ Ադրբեջանի ու այդպես էլ լինելու է ապագայում։

Բելառուսում առկա է հայկական համայնք, առկա է տնտեսական կապերը ընդլայնելու ներուժ։ Չպետք է ընդհանրապես խաչ քաշել հայ-բելառուսական կապերի վրա, դա է Բաքվի ցանկությունը։ Լապշինի գործը որևէ կերպ կհանգուցալուծվի, իսկ Բելառուս-ՀՀ հարաբերությունները կարող են այդպես էլ տարիներով մնալ սառեցված և կաթվածահար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել