Այսօր Սայաթ-Նովա փողոցի վրա մեքենաս ուզում էի կայանել, Տիկնիկային թատրոնի դիմաց ազատ տեղ կար, կայանեցի, իջա, տեսնեմ՝ այդտեղի այսպես ասած «парковщик»-ը բարձր տոնով վիրավորական արտայատություններ է շպրտում տեղից շարժվել փորձող մի հնամաշ ժիգուլու վարորդի հասցեին, որը պատկառելի տարիքի համեստ արտաքինով մի մարդ էր: Չդիմացա, մոտեցա, ասացի. «ի՞նչ է եղել»: Վարորդը շփոթված պատասխանեց, որ չգիտեր, որ վճարովի է, մոտը գումար չկա, դրա համար է գոռգոռում մեր այսպես ասած հույժ կարևոր գործով զբաղվող հարգարժան պարոնը: Բարկացած թեքվեցի, ասացի, որ դու «парковщик» ես՝ ո՞ւր է թևկապդ կամ կրծքիդ վրա փակցված անուն-ազգանունդ, ՍՊԸ-ի անունը, ՀԴՄ կտրոն տալի՞ս ես, թե՞ չէ, եթե չէ, ո՞վ ես դու առհասարակ: Սա այլայլված թեքվեց ու ինձ ասաց. «Կարող ա գիտես՝ գաղութի մլիցա եմ, որ թևկապ կապեմ»:
Մի խոսքով երկար չշարունակեմ, թե ինչ պատասխանեցի և ինչպես, ուղղակի ասեմ՝ հաստատ վարորդներից փող մուրալը «գաղութի միլիցուց» լավ գործ չէ, դուք էլ ձեր գործով նրանցից լավը չեք: Լավ, ինչքա՞ն պիտի շարունակվի այս թալանը: Հասարակ հաշվարկ. ամեն անգամ մեքենան կայանելուց վճարում ենք ոչ մի բանի համար այնքան գումար, ինչքանով որ կարող ենք երթուղային տաքսիով գնալ քաղաքի մի ծայրից մյուսը և հետ վերադառնալ: Ինչի՞ համար են վարորդները այդքան գումար մուծում հարկերի, տուրքերի, ապահովագրական վճարների տեսքով, որ ամեն կանգնելուց էլ 200 դրամ մուծեն անհասկանալի ծագմամբ մարդկանց, որոնք ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում, մի՞թե աշխարհի մյուս երկրներում էլ կան նման բաներ, թե այս ռեկետի ձևն էլ է հայկական մենաշնորհ: Հիմա Հայաստանում ամենաշատ տարածված է առաքիչի և վաճառքի պատասխանատուների գործը, որոնք օրական շրջում են 20-100 խանութներով, և նրանց բյուջեից անիմաստ օրական 1000-1500 դրամ օրական գնում է կայանման համար: Չգիտեմ, բայց մի բան պիտի մտածել. երևի վաղը, մյուս օրն էլ տվյալ փողոցով երթևեկելու համար գումար պահանջեն:



