Բագրատյանի բաց նամակ 4-ն եմ կարդում: Բավական հետաքրքիր էր գիտեք, հաճույքով կարդացի: Բայց չկարդացի որպես Ազատություն կուսակցության նախագահ, կամ ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանի նամակ, այլ կարդացի որպես 90-ականներին ՀՀ վարչապետ Բագրատյանի նամակ: Մի տեսակ շատ հին, անցյալում մնացած քաղաքական գործչի տպավորություն թողեց վրաս, որ ոչ մի կերպ չի համակերպվում իր ներկա կարգավիճակի հետ ու դեպրեսիայից խույս տալու համար այլևս ապրում ա անցյալում: Այս նամակում Բագրատյանը կրկին սևեռված էր իր հրաժարականի, իր վարչապետութայն տարիների վրա: Չգիտեմ գուցե պաշտպանվելով և ամեն ինչ այդ տարիներին առկա քաոսի վրա գցելով փորձում է ամրապնդել մեգատնտեսագետի տիտղոսը… Արդարանալ այլևս պետք չէ: Ինչքան արդարանաս քեզ ավելի կմեղադրեն: Համ էլ ասում են չէ, եթե արդարանում ես ուրեմն մեղավոր ես, կամ զգում ես որ մեղավոր ես:
Բագրատյանին առաջարկում եմ դադարեցնել ինքնաարդարացման այս շարքը և փոխարենը մեմուարներ գրել: Ինչո՞ւ ոչ: Իսկ ուրիշ ո՞վ պետք է գրի, եթե ոչ այդ դժվարին տարիներին երկրի ֆինանսական ելք ու մուտքերի պատասխանատուն: Կարծում եմ Բագրատյանը դեռ չպատմած շատ ու շատ ատմություններ ունի, որ անձամբ ինձ որպես ՀՀ քաղաքացի հետաքրքրում են:
Այս նամակում մի հատված հատկապես հավանեցի.
Ես կարող եմ տասնյակ հիմնավորում բերել` արդարացնելու իմ հրաժարականի յոթ դիմումներից յուրաքանչյուրը: Եվ հավատացեք, երբ պաշտպանության նախարարը զանգահարում է վարչապետ Հրանտ Բագրատյանին և ասում` բանակի փողերը տուր, թե չէ կգամ քեզ լուսամուտից կգցեմ, դա նորմալ չի ու վախենալու ա, քանի որ այդ պահին չես մտածում, որ դա ընդամենը չար կատակ ա:
Համոզված եմ նմանատիպ կադրերը Բագրատյանի կյանքում շատ են եղել: Բաց նամակները թող շարունակվեն իշխանությունների թերացումները մատնանշելու ձևով միասյն: Բայց պայման ունեմ պրն Բագրատյան, դա արեք պրոֆեսիոնալ լա՞վ, որ էլ չկարողանան Ձեր ասածների մեջ բացեր փնտրեն: Մի չափազանցրեք, մի հորինեք, գրեք ինչ-որ կա: Մի փորձեք տպավրություն գործել, համոզված եմ իրական խնդիրներն էլ արդեն տպավորիչ կլինեն , եթե ներկայացվեն ինչպես որ կա: Դուզ խոսքին ո՞վ բան կասի:
Ստորև ներկայացնում եմ նամակը
“Կայքերից մեկում կարդացի ևս մի հետաքրքրաշարժ նյութ, որով ինձ փորձում էին հակադրել ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ի դեպ, հակադրության ոչ մի հիմք չեմ տեսնում նրանում, որ վարչապետ եղած ժամանակ դիմումներ եմ գրել:
Այո´, կրկնում եմ` դիմումը դիմումի հետևից գրում էի Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինձ ազատի աշխատանքից ու ես երկրի կործանման մասնակից չլինեմ: Այո´, երկիրը անկառավարելի էր ու կործանվում էր: Անգամ ինքը` նախագահը, որևէ ողջամիտ բան չէր կարող անել և 1996 թվականի իր ելույթում է խոստովանել, մեջբերում եմ. «Անօրինականություններն ու կաշառակերության դրսևորումները հասել են հասարակական չարիքի աստիճանի: Այո´, չափազանց ծանր ու անմարդավայել է մեր ժողովրդի սոցիալական վիճակը: Շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է չքավորության սահմանից ցածր պայմաններում, հարյուր հազարավոր աղետյալներ ու փախստականներ դեռևս օթևանում են ժամանակավոր կացարաններում: Ողորմելիորեն չնչին են աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, մեծ թիվ են կազմում աշխատազուրկները»: Այսքանից հետո ես ի՞նչ կարող էի անել:
Այո´, գրել եմ, և որևէ առիթ չկա զարմանալու, որովհետև այն ժամանակ աշխատելը 1000 տոկոսով դժվար էր, քան հիմա: Երբ ես վարչապետ էի, առաջին և ամենակարևոր խնդիրն այն էր, որ ինձ ոչ ոք չէր հասկանում և չէր լսում: Եվ մենակ ինձ չէր, որ դժվար էր, բայց ամենադժվարը հենց ինձ համար էր, որովհետև ես հասկանում էի` ուր էինք գլորվում: Անգամ Տեր-Պետրոսյանին ու Արարքցյանին չէին լսում: Օրինակ` գալիս, ասում էի, որ «Անի» հյուրանոցում օֆիսներ են բացել ու ապօրինի բանկային գործունեություն են ծավալում, բարձր տոկոսներ խոստանալով, ժողովրդից փողեր էին տանում: Իրենք ոչինչ չէին անում. կամ չէին կարող, կամ չէին ուզում: Կենտրոնական բանկն էլ հերիք չի անտեսում էր էդ ապօրինի գործունեությունը, մի հատ էլ տեղեկանքներ էր տալիս, որ էդ ֆիրմաները մուրհակ թողարկելու, քաղաքացիներից փողերը ներգրավելու իրավունք ունեն. սրանք էլ փողերը հավաքում, փախչում էին:
Հիշո՞ւմ եք, մարդիկ ասում էին «Լևոնը Վանոյի մոտ նախագահ է աշխատում»: Ես ի՞նչ կարող էի անել: Օրինակ` երբ Վանո Սիրադեղյանը դրամը, որպես ազգային փոխարժեք, շրջանառության մեջ դնելու ժամանակ Վրաստանից ապառիկ 1 մլն դոլարի բենզին բերեց, ես խոստացա մի դոլարի դիմաց 29 դրամ կուրսով գումարները կոնվերտացնել, որ տանեն վրացիների փողը տան: Հետո բոլորի համար անսպասելիորեն պարզվեց որ եղանակի ցրտելու հետ զուգահեռ ներկրված բենզինի ծավալը փոքրացել է (փաստորեն, վրացիները խորամանկ էին` Վանոյին խաբել էին): Մինչև պարզեցին, որ էդ պակաս բենզինը գողացված չի, մինչև փողերը հավաքեցին, բերեցին, դոլարը դարձավ 87 դրամ: Էլ ի՞նչ աներ կառավարությունը: Չնայած Վանո Սիրադեղյանի ուժը մենակ իմ վրա էր պատում: Երբ վրացիները եկան իրենց փողի հետևից Վանոն ասաց, թե` մի սաստավ էլ սալյարկա կտաք, բենզինի փողը կտամ: Վրացիներից էլ Բիլբլիեշվիլի Իրակլի անունով մեկը, որը Վրաստանի ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյա էր, Վանոյին ասել էր. «Տղա ջան, դու այստեղ ես Վանո», դրանից հետո գնացին ու փակեցին Սադախլոն, մինչև մերոնք փողը չվերադարձրեցին: Դե, մի հինգ օր փակ մնաց սահմանը: Մոմը, սուխոյ սպիրտը ու սալյարկան լավ թանկացան, դրանից էլ էլի Վանոյի մարդիկ օգտվեցին:
Էդ մազութ, բանի պատմությունն էլ սաղ հորինված բաներ են, և էն դեպքն էլ, որ երբ վարչապետի պաշտոնից հեռացա, աշխատում էի «Արարատ» կոնյակի գործարանում, ու իբր ինչ-որ մեկը զանգել էր տնօրենի ընդունարան ու հարցրել` Բագրատյանը ուր ա, պատասխանել էին, թե` բերդում: Հարցրել էր` մազութի գործով, ասել էին չէ` խաղողի: Ոչ մազութի, ոչ էլ խաղողի գործ չի եղել: Պարզապես ես գնացել էի Բերդ գյուղ` գյուղացիների հետ խաղող գնելու պայմանագրեր կնքելու:
Ասում են` ես ու Լևոն Տեր-Պետրոսյանը լավ չենք կառավարել` որպես նախագահ ու վարչապետ: Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ կառավարելն անհնար էր: Եվ միայն ես չէի հրաժարականի դիմում տալիս այն ժամանակ` բոլորն էլ տալիս էին: Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին, նույն ինքը` Դավիթ Շահնազարյանը, որ հիմա էլ նեղացավ ու ՀԱԿ-ի ցուցակի 11-րդ տեղից հրաժարվեց: Ինքն էլ դիմում տվեց ու դուրս եկավ այն տարիներին: Մինչև էդ խայտառակ եղանք, երբ Ամերիկայի FBR-ը եկավ ու ստիպեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում նարկոտիկի տրանզիտը բռնենք: Դավիթին էլ շնորհակալագիր տվեցին, իբր, ինքն ա բռնել: Հետո էլ պաշտպանության նախարարության տղերքը օդանավակայանում КГБ-ից մայոր ծեծեցին, Դավիթն էլ ինտելիգենտ մարդ էր, հո չէր կարող մարդկանց կալանավորել, գնաց ու հրաժարվեց: Ու հիմա էլ ՀԱԿ-ի ցուցակից ա հրաժարվել:
Համաձայն եմ` լավ չի, որ ցուցակում խառը մարդիկ կան: Բայց երբ 2008-ին ակտիվացավ ՀՀՇ-ն, իրենք էլ էդ ժամանակ ակտիվացան` որպես ընդհանուր թիմի անդամներ: 1998-ից մինչև 2008 թվականը տասը տարի է անցել, մարդիկ արդեն հանգիստ էին, որ իրենց կատարած քայլերի հետ կապված վաղեմության ժամկետն անցել է` համաձայն Քրեական օրենսգրքի: Էլ ինչ դատ, ինչ բան…:
Դե մարդու բնույթն է այդպիսին ապահով տեղ է ման գալիս` կերակրատաշտին մոտ: Միշտ էլ տենց ա եղել, հիմա էլ ա տենց: Հենա Ծառուկյան Գագիկն իրենց համագումարին մի բան ասաց. «Պաշտպանելու ենք մեր ձայները»: Շատ կարևոր ու լավ բան է ասել, բայց կուսակիցների մեծ մասը ընկան տվայտանքների մեջ: Բա մարդկանց ուղեղի կուսաթաղանթը վնասված չէր, իրենք պայքարի չէին պատրաստվում, իրենք մտել էին «Բարգավաճ Հայաստան», քանի որ այն իշխանության մաս էր: Իրենք հիմա էլ չեն հասկանում, ումից են պաշտպանելու իրենց ձայները, եթե իշխանություն են: Տենց բաների հետևանքով է, որ 400.000 անդամ ունեցող ԲՀԿ-ն նախորդ ընտրություններին 200.000 ձայն հազիվ էր հավաքել: Մարդիկ չեն ուզում պայքարել: Նմանները ՀԱԿ-ից էլ են գնում:
Ես կարող եմ տասնյակ հիմնավորում բերել` արդարացնելու իմ հրաժարականի յոթ դիմումներից յուրաքանչյուրը: Եվ հավատացեք, երբ պաշտպանության նախարարը զանգահարում է վարչապետ Հրանտ Բագրատյանին և ասում` բանակի փողերը տուր, թե չէ կգամ քեզ լուսամուտից կգցեմ, դա նորմալ չի ու վախենալու ա, քանի որ այդ պահին չես մտածում, որ դա ընդամենը չար կատակ ա:
Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր
(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան),
Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),
Երևանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,
Ուկրաինայի ազգային բանկի (Կիև) համալսարանի պրոֆեսոր,
Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) և ՌԴ նախագահին կից
Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,
ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,
Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդական (Վաշինգտոն, 1997)
ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,
Ազատություն կուսակցության նախագահ,
ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող:”