ժողովուրդ ջան, ինձ շատ կներեք բոլորդ, բայց էս մի հարցում, երկար մտածելուց հետո, որոշել եմ ասելիքս մեջս չպահեմ ու չզսպեմ, մանավանդ որ փետրվարի 18-ից այս կողմ երկու անգամ արդեն զսպել եմ ինձ: Կարող եք ինձ շատ վատ մարդ կոչել, բայց ես անպայման ուզում եմ շեշտել՝ «Ժառանգության» պատգամավորների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ (հարգանքս անկեղծ է, եւ բխում է մարդու իրավունքների, այդ թվում մարտի մեկի հարցում նրանց ունեցած արժեքավոր դերից), բայց մարտի մեկին ժողովրդի ու ոստիկանության միջեւ ՈՉ ՈՔ չի կանգնել: Սա հայտարարում եմ «պաշտոնապես» որպես մարդ, որը մինչեւ ուշ գիշեր, մինչեւ վերջ եղել է դեպքի վայրում: Նույն կարգավիճակից ելնելով՝ ժխտում եմ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեռեւս փետրվարի վերջին արված այն հայտարարությունը, որ «մարտի մեկին բոլորը փախան, բացի «Ժառանգությունից»» (սա ասվել է դեռեւս Ազատության հրապարակում իրա առաջին հետընտրական ասուլիսի ժամանակ, եթե հիշողությունս չի դավաճանում, եւ այն ժամանակ դժվարությամբ, բայց զսպեցի ինձ): Ոչ մի բանավեճի մեջ չեմ մտնում, բայց պնդում եմ եւ շեշտում, որ մարտի մեկին ոչ ոք չի փախել ոչ մի տեղ: Եթե պարոն Հովհաննիսյանը չի հավատում կամ այլ տեղեկություններ ունի, կարող է այդ հարցով դիմել իր կողքը գտնվող Նիկոլ Փաշինյանին եւ այլ բազմաթիվ վկաներին: Խորհուրդ կտայի նաեւ իր կողքը գտնվող անձանց ընդհանրապես մի քիչ ավելի լուսավորել պարոն Րաֆֆուն այդ հարցի շուրջ, որպեսզի ես ստիպված չլինեմ ամեն անգամ «վատամարդու» դեր ստանձնել: Խնդրում եմ հացադուլի մեջ գտնվողի նկատմամբ որեւէ վիրավորական արտահայտություն մեկնաբանություններում թույլ չտալ, ինչպես նաեւ չշեղել թեման, որը շատ կոնկրետ է եւ հստակ: Զարմանում եմ, որ այդքան մարդ մարտի մեկից սիրում է խոսել, բայց ոչ մեկի, կներեք, տանձին չեն նման հայտարարությունները: Սա քաղաքական թեմա չէ՛, որպեսզի «տակտիկա» խաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել