2017-ին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել եւ 5927-ից ավելի աշխատատեղ ստեղծել: Այս մասին տեղեկացնում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը:
Ավելին՝ նախարարությունը ներդրումային ծրագրերը ներկայացրել է ոլորտ առ ոլորտ, մարզ առ մարզ: Կարծում եմ՝ սա հիանալի քայլ է՝ ցրելու շատերի այն մտահոգությունը, թե իրականում ոչ մի ներդրումային ծրագիր էլ կյանքի չի կոչվի:
Ի դեպ՝ պետք է նշել, որ նախարարության աշխատակիցները պարբերաբար այցելում են ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ, որպեսզի տեղում ծանոթանան ընթացող աշխատանքներին, արտադրական գործընթացներին:
Նշենք նաև, որ պետությունը ներդրողներին աջակցում է մի շարք ուղղություններով՝ մինչեւ 3 տարի ժամկետով հետաձգվում են ԱԱՀ վճարները, եթե ներմուծվում են սարքավորումներ կամ ներդրումային ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքներ, մաքսատուրքից ազատվում են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքն ու սարքավորումները, ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են մատչելի վարկեր, տրամադրվում է արտահանման ապահովագրության ծառայություն եւ լիզինգ մինչեւ 10 տարի ժամկետով՝ 9%-ով: