Լապշինի գործով տեղի ունեցող հանրային քննարկումները ավելի շատ հիշեցնում են աջաբսանդալի պատմություն։ Նախ՝ սկսենք արդեն հիթ դարձած «Որտե՞ղ է նայում Արտգործնախարարությունը» արտահայտությունից, որը ցանկացած ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանին կամ, առհասարակ, ԼՂՀ սահմանին տեղի է ունենում միջադեպ, հիշատակում են որոշ շրջանակներ։
Մի այսպիսի հռետորական հարց ենք ուզում տալ։ Սթափ դատելով իրավիճակը՝ ամեն դեպում ի՞նչ կարող էր անել ԱԳՆ-ն, եթե Ադրբեջանն ու Բելառուսը երկուստեք համաձայնագիր ունեն, որ այսպիսի հարցերը կարող են լուծվել և առանց Ինտերպոլի իմացության կամ տեղեկության։ Խոսքը վերաբերում է արտահանձնման գործընթացին, ինչը տեղի է ունեցել Լապշինի պարագայում։ Նա, փաստորեն, Ադրբեջան այցելել է ուրիշ անձնագրով՝ ուկրաինական, որտեղ Ալեքսանդր անվան փոխարեն գրված է Օլեքսանդր, մինչդեռ Ադրբեջանը դա ընդունում է որպես փաստ, որ լինելով երկրի անվտանգության սև ցուցակում՝ նա համարձակվել է այցելել իր տարածք, ու հայտ ներկայացնում Բելառուսին։ Սա երկու երկրների միջև ձևավորված համաձայնագրի շուրջ է տեղի ունեցել։ Բլոգերին պաշտպանելու գործընթացը, եթե այդպիսի միտում կա հայկական կողմից, պետք է սկսել բացարձակապես ուրիշ տեղից՝ ոչ թե թիրախավորել ԱԳն-ն, որն, ի դեպ, ԼՂՀ հարցում բավականին կոշտացրել է իր դիրքորոշումը, այլ փորձել հասկանալ՝ նախ՝ ինչու էր ամեն դեպքում Լապշինը, լավ իմանալով, որ ոչ ցանկալի անձ է Ադրբեջանի համար, ուրիշ անձնագրով այցելել այդ երկիր։
Նկատենք, որ այս դեպքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու ամսվա ընթացքում դիվերսիաների ընթացքում հայկական կողմը ադրբեջանցի դիակ ու գերեվարված ունի։ Դեկտեմբերին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում ադրբեջանցի զինծառայողի դիակը օրեր առաջ վերադարձվել է Ադրբեջանին։ Չի բացառվում, որ որպես, այսպես ասած, բարի կամքի դրսևորում՝ Ադրբեջանը վերադարձնի Իսրայելին Լապշինին, ով, ի դեպ, Իսրայելի քաղաքացի է։ Այսքանով հարցը կարող ենք համարել փակված ու արձանագրել, որ Ադրբեջանը պարզապես շոու է սարքում այս ամենից՝ ցույց տալով, որ, ճիշտ է, իր տարածքային ամբողջականության հանդեպ տեղի է ունեցել ոտնձգություն, սակայն նա «մեծահոգաբար» ներում է՝ հաստատելով հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իր հաստատակամությունը։