Նախընտրական շրջանում արդեն նկատելի են որոշ ուժերի վերադասավորումներ: Շատերը գնում են դաշինքներով և փորձում են որոշակի համախմբվածություն ցուցաբերել: Այս օրերին հանրային դաշտում հնչող թեզերն այս թեմայի վերաբերյալ բազմազան են: Ճիշտ է, կառույցներից շատերը միավորվում են նոր Սահմանդրության նետած մարտահրավերներին դիմակայելու համար, սակայն դաշինքներին միացող կառույցների ղեկավարները շատ ժամանակ սա այլ կերպ են մեկնաբանում:
Շատերը կարծում են, որ գործող իշխանությունների դեմ պայքարելու տեսանկյունից դաշինքները լուրջ զենք կարող են լինել: Տեսական մակարդակում այս թեզի հետ չհամաձայնվելը, մեղմ ասած, արդարացի չի լինի, բայց մեկ բան է զենք ունենալ, մի ուրիշ բան՝ դրանից օգտվել իմանալ:
Դաշինքների ձևավորման հենց առաջին իսկ օրերին հանրային դաշտում պտտվող ամենակուռ հակափաստարկն այն է, որ կառույցները չեն կարողանալու ընդհանուր հայտարարի գալ: Սա ասվում էր՝ հաշվի առնելով նախադեպերը:
Այո, առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչպես կարող են դեմոկրատները, պահպանողականները, լիբերալները մի տանիքի տակ հանդես գալ: Գուցե իշխանափոխության տեսլականի հիման վրա թեորիապես հնարավոր լինի ընդհանուր եզրեր գտնել, բայց հակասությունները, թեկուզ հենց արտաքին քաղաքականության վերաբերյալ չլինել չէր կարող:
Ինչևէ, մյուս կարևոր խնդիրը դաշինքների ցուցակների՝ անցողիկ համարների կռիվն է. ո՞ր կուսակցությունից որքա՞ն մարդ է ներգրավվելու ցուցակում: Եվ ահա հենց այս հակասություններն արդեն պրակտիկայում տեսանելի են որոշ դաշիքների ներսում: Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով վերջերս հայտարարել էր Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալու մասին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվռտոց է գնում, և միտումի պահպանման դեպքում ԱԻՄ-ը կլքի դաշինքը։
Այսինքն՝ այն կանխատեսումները, ըստ որի՝ դաշինքները ցուցակների տեղերի հողի վրա խնդիրներ են ունենալու, արդեն իսկ իրականանում են: Ինչպես ասում են, դեռ ձուկը ջրում կռիվ են անում: Այս պահին հիմնական խնդիրը, որ պետք է լիներ, ճանապարհային քարտեզների մշակումն էր: Մանդատակռիվը կարող է վերջնականապես հանգեցնել դաշինքի լուծարմանը: Այո, այս խնդիրը հայաստանյան քաղաքական կյանքում մշտապես եղել է, և կարծում եմ՝ միայն Օհանյան-Օսկանյան դաշինքում չէ, որ խնդիրներ են լինելու:
Եթե անգամ ինչ-որ հաջողությամբ դաշինքները հասնեն ապրիլի 2-ին, ապա չի բացառվում, որ մանդատների բարեհաջող բաժանումից հետո ամեն մեկն իր գիծը պահի խորհրդարանում: