2016 թվականի հունվար-դեկտեմբերին կոնյակի արտադության ծավալը կազմել է 21 մլն 529,2 հազար լիտր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 27 տոկոսով: 23,2 տոկոսով ավելացել է նաև վիսկիի արտադրությունը` կազմելով 1 մլն 441,8 հազար լիտր: Գինու արտադրության ծավալները կազմել են 6 մլն 809,6 հազար լիտր` ավելանալով 14,8 տոկոսով: 8,4 տոկոսով աճ է գրանցվել շամպայն գինու արտադրությունում: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին այն կազմել է 713,4 հազար լիտր:
2016թ-ին խմիչքների արտադրության ոլորտում գործող 29 ընկերություն հայտնվել է մեր երկրի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, 3-ն՝ առաջին 50-յակում: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2016 թվականի ընթացքում այս 29 ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 26 մլրդ 853 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, իսկ առաջին 50-յակում ընդգրկված 3 ընկերությունները միասին՝ մոտ 12 մլրդ ՀՀ դրամ:
Խմիչքների արտադրության ոլորտի խոշոր հարկատուն շարունակում է մնալ Երևանի կոնյակի գործարանը: 2016թ-ին ընկերությունը պետբյուջե է վճարել 4 մլրդ 972 մլն ՀՀ դրամ և հայտնվել Հայաստանի խոշոր հարկ վճարողների ընդհանուր ցանկի 21-րդ հորիզոնականում:
2016 թվականի արդյունքներով՝ խմիչքների արտադրության ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն է՝ վճարված 3 մլրդ 667 մլն ՀՀ դրամով: Խմիչք արտադրող երրորդ խոշոր հարկատուն «Սարգիս Կարոլինա» ընկերությունն է, որը 2016 թվականի ընթացքում պետբյուջե է վճարել 3 մլրդ 280 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, որից ուղղակի հարկերը կազմել են 103 մլն ՀՀ դրամ: