Վարչապետի՝ օրերս Գյումրի կատարած այցը բավական մեծ աղմուկ առաջացրեց: Կայքերում առաջացած ոգևորությունից զատ եղան մի շարք քննադատական հրապարակումներ: «Վարչապետը նյարդային է, հարցերին պատասխանելիս չի կարողանում զսպել էմոցիաները»,- գրում էին հատկապես Շիրակի մարզի լրատվամիջոցները: Ամենեւին նպատակ չհետապնդելով քննադատել լրագրողական համայնքին, այնուհանդերձ, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Գյումրիում վարչապետին ուղղված որոշ հարցեր առնվազն պրոֆեսիոնալ չէին կամ ավելի ճիշտ՝ ոչ ադեկվատ էին:
Թերևս առավել հետաքրքրող հարցն այն էր, թե ինչ երաշխիքներ կան, որ այն ամենը, ինչ ներկայացվել է, չի մնալու խոստումների մակարդակում:
Կարելի է արձանագրել, որ այստեղ առաջին երաշխիքը, որ վարչապետը կարող էր տալ, այն էր, որ իր ընտանիքը պատրաստվում է 500 հազար դոլարի ներդրում անել Շիրակի զարգացման համար: Ինչ խոսք, սա յուրօրինակ ազդակ է հատկապես այն բոլոր պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կասկածամտորեն էին վերաբերվում Շիրակի մարզի զարգացման ծրագրին՝ կարծելով, թե հիմնադրամում ներդրումներ անելն անհեռանկարային է:
Ինչպես ասում են, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Կարելի է սպասել, որ ծրագիրը կարդարացնի իրեն, ինչպես վարչապետն է ասում, մթնոլորտ կփոխի Գյումրիում, աշխատատեղեր կստեղծվեն և մեծ թվով զբոսաշրջիկներ կուղղի հանրապետության երկրորդ քաղաք:
Եվ քաղաքում դրական տեղաշարժ նկատելով՝ տարաբնույթ խնդիրների առաջ կանգնած և թերահավատ գյումրեցին ի վերջո կփոխի իր վերաբերմունքը՝ կատարված աշխատանքն ընդունելով որպես լավագույն երաշխիք: