Times.com-ը գրում է.
 ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծված է մարմին, որտեղ կան բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և պատկան մարմիններ` ներառյալ ՊԵԿ-ի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչներ, ովքեր քննարկում են տնտեսվարողների հարկային բեռի թեթևացման վերանայումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` հարկային օրենսգիրքն ավելի քան երեք տարի քննարկվել է, այնուհետև ընդունվել կառավարության կողմից, սակայն կան դրույթներ, որոնք հասարակության ոչ բոլոր շերտերին են բավարարել: Իսկ ներկայումս նախատեսված է հանքարդյունաբերության ճյուղի ռոյալթիների վերանայում, քանի որ դրանք վճարողները հիմնականում արտահանողներն են:

«Միշտ նախանշվել է, որ մեր տնտեսական աճը «գրավիտացիոն ուժով» ոչ արտահանելի հատվածից պետք է տեղափոխել արտահանելի հատված: Հետևաբար, բոլոր մեր գործողությունները պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն այն տնտեսվարողների համար, որոնք արտահանման ոլորտում են»,- ասաց Արամյանը:

Անդրադառնալով հարկային օրենսգրքում վերանայումներ կատարելուն՝ նախարարը նշեց, որ դեռևս ձեռնպահ կմնա հստակեցնելուց, թե ինչ վերանայումներ են նախատեսվում, քանի որ դեռ կա կատարելիք «տնային աշխատանք», որը չի ցանկանա հատվածաբար ներկայացնել:

«Օրինակ` շահութահարկի ամորտիզացիոն մասով ցանկանում ենք մեխանիզմները վերանայել, քանի որ այն թղթակցվում է նաև այլ գործիքակազմի հետ, դրա համար հարկավոր է համակարգված դիտարկենք: ՀՀ ֆինանսների նախարարին կից ստեղծված խորհուրդը շատ արդյունավետ և շատ ագրեսիվ աշխատում է, և, կարծում եմ, ապագա մի քանի ամիսների ընթացքում կունենանք որոշակի ձևավորված առաջարկ, որը կբխի այն սկզբունքից, որը կառավարությունը դրել է իր առջև` մասնավորապես արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության իրականացում»,- ընդգծեց Վարդան Արամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել