Պետգնումների ոլորտում թափանցիկության ապահովման խնդիրը հանրության ուշադրության ներքո է: Այս ոլորտը առավել թափանցիկ դարձնելուն միտված քայլերից մեկն էլ «Պետական գնումների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն է, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից:
Օրենքը նախատեսում է շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդրում, ըստ որի` պետական գնումների մրցույթին մասնակցողը և պետական համակարգում աշխատող պաշտոնյան պետք է ներկայացնեն իրենց փոխկապակցված լինելու մասին հայտարարությունը, որից հետո միայն հայտ ներկայացնողին իրավունք կտրվի մասնակցելու մրցույթին:
Շահերի հայտարարագրման ինստիտուտը հնարավորություն կտա բացահայտել այս կամ այն պաշտոնյայի փոխկապակցվածությունը գնումներին մասնակցին: Այն կարող է կատարել կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման հզոր մեխանիզմի դեր:
Պաշտոնյան ստորագրելու է մի հայտարարագրի տակ, որը հետագայում դառնալու է հանրության սեփականությունը: