Գյումրին՝ որպես Հայաստանի երկրորդ մայրաքաղաք, իր նախկին հմայքը վերադարձնելու խնդրի առջև է կանգնած: Քաղաքն ունի զարգացման լայն հնարավորություններ՝ սկսած տուրիզմից, վերջացրած տեքստիլ արդյունաբերությամբ: Ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան դարձնելու համար քաղաքին պետք են ներդրումներ, որոնք պետք է արդյունավետ բաշխվեն և ուղղվեն առաջին հերթին քաղաքի համար թիրախային խնդիրների լուծմանը: Ընդ որում՝ առաջին քայլը այս ուղղությամբ պետք է լինի քաղաքի տեսքի պահպանումը, որը նաև խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար:
Հատուկ ուշադրության է արժանի Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, մեծացնում են քաղաքի զբոսաշրջային գրավչությունը: Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի տուրիստական նշանակությունը՝ ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը մշակել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագիծը, որով նախատեսվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնում և ենթակառուցվածքների զարգացում:
Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի ներդրումային փաթեթը այս պահին 10 միլիոն դոլար է, որը լինելու է տարբեր աղբյուրներից: Հիմնադրամի ձևավորմանը իրենց մասնակցությունը կունենան նաև գյումրեցի սեփականատերերը: Հատկանշական է նաև, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը նույնպես ներդրում է կատարելու: Այս փաթեթի իրականացումը կարող է ճանապարհ բացել մյուս ոլորտներում ևս ներդրումներ կատարելու համար: