ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այլևս մտադիր չէ հանդուրժել Իրանի գործողությունները, որոնք սպառնում են Ամերիկայի շահերին: Այդ մասին ասված է ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Մայքլ Ֆլինի հայտարարության մեջ` տարածած Սպիտակ տան կողմից, հայտնում է TASS-ը:
«Միջազգային հանրությունը չափազանց հանդուրժող է Իրանի վատ վարքագծի նկատմամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելը և խիստ հայտարարություններ անելը բավարար չեն: Թրամփի վարչակազմը այլևս չի հաշտվի Իրանի սադրանքների հետ, որոնք սպառնում են մեր շահերին: Այն օրերը, երբ Միացյալ Նահանգների և համաշխարհային հանրության նկատմամբ Իրանի թշնամական և ագրեսիվ գործողությունների վրա աչք էին փակում, անցել են»,- պնդում է Ֆլինը:
Թրամփի օգնականի խոսքով, Իրանը «հանդիսանում է աշխարհում ահաբեկչությունը հովանավորող գլխավոր պետությունը», այն մասնակցում է Մերձավոր Արևելքի ապակայունացմանը:
«Այդ վարքագիծը, դատելով ամեն ինչից, շարունակվում է, չնայած Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված Իրանի համար չափազանց շահավետ գործարքին»,- նշել է Ֆլինը: Նա նշել է, որ 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը ստորագրելուց հետո Իրանի կողմից ագրեսիան միայն ուժեղացել է:



