Նախատեսվում է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն–ի։ Փետրվարի 3-ին, ներկայացնելով ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ, սրանով համաներում է հայտարարվում և մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներն ապաքրեականացվում են: Առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են նաև «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, որոնք, ըստ նախարարի, նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում և դժվարացնում ապացուցելը, թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=200698&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել