Փոքր տնտեսություն ունեցող երկրների համար առանձնահատուկ կարևորություն ունեն օտարերկրյա ներդրումները: Այդ թվում՝ Հայաստանի համար դրանք նույնպես ունեն չափազանց կարևոր դեր և նշանակություն: Հայաստանի անկախացումից ի վեր ՌԴ-ն միշտ էլ եղել է Հայաստանի ներդրումային ամենախոշոր գործընկերներից մեկը: Վերլուծելով ներկայիս կառավարության գործունեությունը՝ տեսնում ենք, որ բավականին ակտիվ քայլեր են նկատվում մեր տնտեսության մեջ ռուսական կապիտալի հոսքը ակտիվացնելու ուղղությամբ: Եթե տեսնենք ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշները, ապա կնկատենք, որ վերջին երկու տարիներին ՌԴ-ի կողմից արված ներդրումները բավականին դանդաղել են և կրճատվել: Դա, իհարկե, ունի իր օբյեկտիվ պատճառները, քանի որ ՌԴ-ն վերջին տարիներին իր տնտեսության մեջ ունի ֆինանսական լուրջ խնդիրներ:
Կարեն Կարապետյանի Մոսկվա այցի ընթացքում ուրվագծվել և պլանավորվել են այն առաջնային ոլորտները, որտեղ հայ-ռուսական կողմերը պատրաստակամ են սկսել համագործակցությունը: Այն առաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսությանը, էներգետիկային և հանքարդյունաբերությանը: Այսպիսով՝ վարչապետի այցի շրջանակներում ակնկալվում է Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել բավական մեծ ծավալի ներդրումներ: Հուսանք, որ այդ բոլոր պայմանավորվածությունները վաղ թե ուշ կյանքի կկոչվեն, քանի որ միայն խոստումները դեռևս իրականության երաշխիք չեն: