
«Գոլ խփելն իմ աշխատանքն է: Սակայն եթե աչքի ընկնեմ «Կրասնոդարի» հետ խաղում, ապա խփածս գոլը չեմ տոնի». այդ մասին հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում 3 գնդակ էր ուղարկել Գրոզնիի «Թերեկի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվողն անդրադարձել է Պրեմյեր լիգայի ռմբարկուների պայքարի մասին:
«Շատ մրցակիցներ ունեմ լավագույն ռմբարկուի համար մրցույթում: Ռուսական Պրեմյեր լիգայում շատ են համաշխարհային կարգի հարձակվողները: Օրինակ՝ Կերժակովն ու Տրաորեն: Կա նաեւ Օզբիլիսը «Կուբանից»: Գոլ խփելն իմ աշխատանքն է: Սակայն եթե աչքի ընկնեմ «Կրասնոդարի» հետ խաղում, ապա խփածս գոլը չեմ տոնի: Այդ ակումբը հատուկ է ինձ համար: Այնտեղ աշխատում են յուրահատուկ մարդիկ, այդ թվում՝ թիմի սեփականատեր Գալիցկին: «Սպարտակում» լավագույն ընկեր չունեմ: Նախընտրում եմ շփվել բոլորի հետ: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը կարողանա մոտենալ եւ զրուցել ինձ հետ»,- Մովսիսյանի խոսքը փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:



