Ապրիլի 8-ն է, գեղեցիկ, հիասքանչ, պարզ, արեւոտ, գարնանային եղանակ: Հանկարծ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմի ծաղիկ քաղող աղջնակի նման թռվռալով, լեզուն շարժելով իրեն է մոտենում եւ համբուրում Զարուհին՝ նիզակը ձեռքին, Ժաննա Դ՛Արկի հագուստով ու ասում. «Բարեւ, նախագահ, Սերժ Սարգսյանը բացարկ է հայտնել, շնորհավորում եմ»:
Ինքը շտապ կանգնում է ամբողջ հասակով մեկ, այդ պահին մի քանի լրագրող-լրագրողուհիներ կախվում են փեշերից, փորձում հարցազրույց վերցնել, սակայն ինքը բնականաբար բարկացած, խիստ, նախագահավայել, պահանջում է հեռու գնալ: Լրագրողները վախվորած, սսկված, սուսուփուս, «ծեծված շան նման» կողք են քաշվում:
Նույն պահին իրեն են մոտենում «Երեք հրացանակիրները»՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանն ու Ստյոպա Սաֆարյանը, լավաշով փաթաթած խորովածով, քյաբաբով: Ինքը մի լավ ուտում, կշտանում է եւ կողքի ոստիկանին հրահանգում իրեն ծառայական մեքենայով տանել Բաղրամյան 26: Ոստիկանը հրաժարվում է, ինքը շտապ զանգում է ոստիկանապետին. «Բարեւ, զորավար, ես եմ՝ նախագահ Րաֆֆին, չէ, ՍՊԸ-ի չէ, ՀՀ-ի..., Ձեր ոստիկանը ինձ չի տանում նստավայր, անպայման նրան պատժեք...»:
Հաջորդ օրն է, ինաուգուրացիան, Սերժ Սարգսյանի փոխարեն դիմավորում եւ ամբիոնի մոտ են տանում իրեն: Մոտենում է ամբիոնին, սակայն նկատում, որ կաթողիկոսը չկա: Բարկացած հրամայում է գտնեն եւ շուտ բերեն, սակայն քիչ հետո մոտենում է Դավիթ Ալաշկերտցի Սանասարյանը եւ ասում. «ԻՄ նախագահ, կաթողիկոսը չի գալիս, ասում է՝ նաստրայենիյա չունեմ, թող ինքը գա, Ծառուկյանի չափ չկա՞մ»: Ինքը իսկական նախագահին վայել, արագ որոշում է կայացնում ու զանգահարում Կիլիկիո կաթողիկոսին, խնդրում՝ համոզի Գարեգին Երկրորդին: Կաթողիկոսը թեկուզ դժկամ, բայց գալիս է, սակայն Աստվածաշնչի փոխարեն դեմ է տալիս «Բարեւագիրքն» ու «Պաչիկագիրքը»:
Երդմնակալությունը ավարտվում է, ինքը Բաղրամյան 26-ում է, նախագահ է ու շատ գոհ է, շա՜տ-շա՜տ ու որոշում է կայացնում այլեւս հացադուլ չանել: Զանգահարում է նախարար Նիկոլը եւ ասում, որ ինքը շտապ պետք է գնա ՄԱԿ-ի խորհրդաժողովին՝ Ղարաբաղի հարցի քննարկմանը:
ՄԱԿ-ում Օբաման, Պուտինը, Օլանդը եւ մյուսները մոտենում, ողջունում, ողջագուրվում են Ալիեւին, իսկ իրեն ընդհանրապես չեն էլ նայում: Ինքը շտապ վերցնում է ավելը ու սկսում մաքրել նրանց ճանապարհը, խնդրում՝ իրեն էլ բարեւեն, որովհետեւ ինքը առանց բարեւի կյանք չունի: Սակայն, Վլադիմիրովիչը ջղայնացած ասում է. «Զադնի չկա, հիշիր՝ քանի գյուղում ես հաթաթա տվել...»:
Հարցը քննարկվում է, նրանք բոլորը միաձայն քվեարկում են Ադրբեջանի օգտին: Ինքը, հայրենասիրական երգ երգելով, խրոխտ մոտենում է ամբիոնին եւ հայտարարում, որ շատ կարեւոր առաջարկ ունի: Օբաման արհամարհական ժեստով թույլատրում է ելույթ ունենալ: Ինքն անմիջապես գոռում է. «Ժողովուրդ, էս Օբաման, Պուտինը, Օլանդը, տո մյուսները կարծես խառնում են իրար սաղ, չգիտեն, թե ես ինչ հզոր մեթոդ ունեմ»: Նայում է բոլորին, ցույց տալիս միջնամատը ու ասում. «Ես այսօրվանից գործադուլ, նստադուլ, հացադուլ եմ հայտարարում»: Այդ պահին քմծիծաղով իրեն են մոտենում Ալիեւը, Էրդողանը եւ Գյուլը ձեռքներին մի թաս «բուղլամա» ու սկսում ուտել, ճպճպացնելով, ծլթացնելով, իրեն տանջելով...
Սարսափահար արթնանում է ստամոքսի վնգստոցից, զկռտոցի ձայնից՝ Թատերական հրապարակում, դրոշի տակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել