Անկեղծ՝ անակնկալ էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տարվա ամփոփման մամլո ասուլիսը, որը տեղի ունեցավ ԱԳՆ-ում։ Նալբանդյանը, ում լսում ենք հազարից մեկ, և ում խոսքում սովորաբար գերակայում է զուսպ լեքսիկոնն ու դիվանագիտական տերմինաբանությունը, այս անգամ ավելի անկաշկանդ էր, ու խոսքն էլ բավականին լիքն էր իմպուլսիվ գնահատականներով։ Մասնավորապես՝ Ադրբեջանը «խաղեր է տալիս», «Ադրբեջանը հուշտ է լինում» և այլ, այսպիսի ձևակերպումները, տեղ-տեղ հեգնական գնահատականները հարևան երկրի դիվանագիտական ղեկավարությանը բավականին հետաքրքիր դարձրին զրույցը։ Սա, իհարկե, չենք ասում պատրիոտ խաղալու համար, սակայն ԱԳՆ-ի կողմից այսպիսի առարկայական գնահատականներ տալն ու հստակ դիրքորոշումներով հանդես գալը վաղուց էր պակասում մեր արտգործնախարարությանը։ Հայկական մամուլում ու սոցիալական ցանցերում վերջին ժամանակներս ձևավորվել էր մեմի պես մի արտահայտություն՝ «որտեղ է նայում արտգործնախարարությունը կամ հենց ինքը՝ Էդվարդ Նալբանդյանը»։ Այս մամլո ասուլիսով Նալբանդյանը կարծես թե վերակենդանացավ ու տրված հարցերին պատասխանեց բավականին բովանդակալից կերպով։ Նախարարը արձանագրեց, որ փաստացի՝ այսօր ԼՂՀ խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունները գտնվում են փակուղում, ու դրա միակ մեղավորը Ադրբեջանն է, քանի որ չի կատարում Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։ Նալբանդյանը նշեց, որ դա հրաշալի հասկանում են նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահները։ Ադրբեջանը բազմաթիվ առիթներով փորձել է խափանել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումները, և պատահել են նաև այնպիսի դեպքեր, երբ հանդիպել են, օրինակ, ճաշի ժամանակ, սակայն ադրբեջանական կողմը շտապել է հայտարարել, որ այդպիսի հանդիպումները հանդիպում չեն հաշվվում։ Մի խոսքով, ինչպես պարզ է դառնում, հարևանները խորը ճգնաժամի մեջ են ու հայտնվել են միջազգային խիստ ճնշման տակ։ Այս ամենի հետ մեկտեղ Նալբանդյանը հայտարարեց, որ անկախ նրանից, թե ինչպիսին է լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել նրանց հետ, քանի որ միշտ կողմ է արտահայտվել յուրաքանչյուր հանդիպման։ Հուսանք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև հերթական հանդիպումը, որը Սանկտ-Պետերբուրգից հետո վերջինն էր պետական մակարդակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: