Նադեժդա Սավչենկոն որոշել է իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվել, որ պահանջի ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը Ադրբեջան։ Սավչենկոն, ինչպես գիտենք, Ուկրաինայի իշխանությունների մեծ ջանքերով հետ վերադարձվեց այդ երկիր այն բանից հետո, երբ Ռուսաստանում նրա դեմ դատավարություն սկսվեց դիտավորությամբ ռուս օդաչուների սպանությունը կազմակերպելու համար։ Սակայն վերադառնալով Ուկրանիա՝ վերջինս կարծես թե բավականին հաջող դիրքավորվել է ու շատ հաճախ հանդես է գալիս արդեն հենց ուկրաինական իշխանությունների ու անձամբ Պյոտր Պորոշենկոյի դեմ։ Ինչպես ասում են, օձը տաքացնողին է կծում։ Սակայն դրա մասին չենք ուզում խոսել։ Խնդիրն այն է, որ երբ Սավչենկոն գտնվում էր Ռուսաստանում, ու ընթանում էր նրա դատավարությունը, բազմաթիվ հայ քաղակտիվիստներ այցելում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն ու պահանջում վերջինիս ազատ արձակել։ Անուններ չտանք, որպեսզի այս ամենը չնմանվի հակաքարոզի, պարզապես մեր երկրում որոշ շրջանակների մեջ հակառուսականությունը արդեն ապրելակերպ է դարձել։ Այդ ամենը դեռ հասկացանք, հիմա ուղղակի հետաքրքիր է՝ ինչպես են վարվելու այդ մարդիկ կամ ինչ են ասելու, երբ այսօր արդեն ազատության մեջ հայտնված Սավչենկոն ադրբեջանցի դիվերսանտների նկարով պահանջում է ազատ արձակել նրանց։ Հիմա էլ է Ռուսաստանը գումար վճարել նրան, որպեսզի վերջինս նման ակցիա անցկացնի ու դիմի նման քայլերի։ Խնդիրն այն է, որ միջէթնիկական կոնֆլիկտներում հակառակ կողմը երրորդ անձին ներգրավվելու համար բավականին մեծ գումարներ կարող է ծախսել ու հենց այդպես էլ անում է։ Չենք կարծում, որ դա հենց Սավչենկոյի նախաձեռնությունն է։ Անշառ գլուխը ցավի տակ դնելը նրա ոճը չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: