Վարչապետ Կարապետյանը նախօրեին խորհրդակցության էր հրավիրել գերատեսչությունների ղեկավարներին ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի եւ կատարված աշխատանքների մասին:
Մինչ հաշվետվություններին անդրադառնալը Կարապետյանն ասել է, որ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ կան: Վարչապետը զգուշացրել է ներկաներին՝ շատ խիստ է հետևելու կատարողականներին: «Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար»,- ընդգծել է Կարապետյանը:
Ավելի վաղ վարչապետը հանձնարարել էր, որ պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարները գույքագրեին իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը եւ ներկայացնեին 2017-ի ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Խորհրդակցությանը վարչապետին զեկուցվել է, որ պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են ֆինանսավորման աղբյուրի, ծրագրի սկզբի 2017-ի կատարողականի կանխատեսման եւ նոր աշխատատեղերի ստեղծման չափանիշները:
Երբ վարչապետին հարց է ուղղվել, թե արդոք հարկավոր է մարզերից ստացված ծրագրերը եւս ներառել ներդրումային նախագծերի առաջարկությունների փաթեթում, նա հանձնարարել է ծրագրերը գնահատել բիզնես տրամաբանությունից ելնելով եւ եթե համապատասխանում են չափանիշներին, ներառել այդ ցանկում:
Ի դեպ, խորհրդակցությանն Արման Սահակյանը վարչապետին զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Արման Սահակյանը զեկուցումից հետո նոր հանձնարարական է ստացել Կարապետյանից՝ ամբողջական փաթեթը պատրաստել հնարավորինս շուտ:
Կարեն Կարապետյանն ավելորդ չի համարել եւս մեկ անգամ նշել հետադարձ կապի ապահովման մասին: Վարչապետը հորդորել է մշակել հանրային իրազեկման ռազմավարություն եւ դրա իրագործման կոնկրետ քայլեր: