Օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետի՝ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցը ռուսական և վրացական կողմերի հետ քննարկելու վերաբերյալ հանձնարարականին արձագանքել են Թբիլիսիից (http://pia.ge/…/99300-saqartvelos-gavlit-somxetsi-tvirtebis…):
Մասնավորապես՝ վրացական լրատվամիջոցներից մեկին ի պատասխան՝ Վրաստանի կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնել են, որ վերոնշյալ հարցով հայկական կողմը Վրաստանին դեռ չի դիմել, իսկ դիմելու դեպքում իրենք կուսումնասիրեն, թե որ այլընտրանային ուղղության մասին է խոսքը և կառաջնորդվեն երկրի օրենսդրության և շահերին համապատասխան: Բացի այդ՝ մեկնաբանության մեջ ասված է, որ Վրաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ առավելագույնս նպաստել տրանսպորտային-տրանզիտային գործընթացներին՝ հնարավոր պայմանների առկայության համապատասխան, ինչը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից՝ հավելելով, որ գոյություն ունեն հարցեր, որոնք վեր են տնտեսական շահերից և կապված են Վրաստանի համար բավականին լուրջ քաղաքական խնդիրների հետ:
Փաստորեն՝ Թբիլիսին դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում և հայկական կողմի վերոնշյալ նախաձեռնության պարագայում չի ընդունում մերժողական կեցվածք (դիմելու դեպքում իրենք կուսումնասիրեն, թե որ այլընտրանային ուղղության մասին է խոսքը) և ընդգծում, որ Վրաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ առավելագույնս նպաստել տրանսպորտային-տրանզիտային գործընթացներին: Մյուս կողմից, սակայն, պարզաբանվում է, որ իրենց համար որոշ քաղաքական շահեր վեր են տնտեսական շահերից՝ կարծես հուշելով, որ այնքան էլ մեծ հույս չունենան Հայաստանում, քանզի լուրջ խնդիրներ կան, և շատ բան կախված է նաև ռուսական կողմից:
Մնում է եզրակացնել, որ չլինող բան չկա, անհրաժեշտ է կշռադատված քայլերով և իրատեսական մտքերով մտնել խաղի մեջ և գուցե ուշ, բայց հասնել նպատակին, տվյալ պարագայում՝ կենսական նշանակության այլընտրանքային ճանապարհի բացմանը: