…ու՞ր է թագավորը …
Կարդում եմ այսօր հրապարակ դուրս եկած ժողովրդի աչքերում, կարդում եմ ժողովրդի աչքերում առհասարակ: Ու հիշում եմ՝ զուտ գենետիկ հիշողությամբ, որ միշտ էլ այս հարցը դրված է եղել այս ժողովրդի աչքերի ճիշտ էպիկենտրոնում՝ անգտնելի երևույթ, հուսահատ փնտրտուք… Մի՞թե հավերժ անպատասխան է այս հարցը, մի՞թե կեղծ են արքաները բոլոր՝ թագակիր ու գահանիստ… իսկ ու՞ր է թագավորը…
Ամենինչադուլ լինել ցանկացող ժողովուրդը իրականում ոչնչադուլ էլ չի ուզում լինել: Նա պարզապես նորից ընկել է իր հավերժական հարցի ետևից, թե ու՞ր է թագավորը…

«Ու՞ր ես, վասի՛լ»… Իմ մի կարդացած գրքում վանքի բակ էր դուրս եկել և սրտապատառ գոռում էր մի բյուզանդացի վանական ՝ ու՞ր ես, վասի՛լ կամ, որ նույն է՝ ո՞ւր ես, թագավո՛ր… Նա գտավ Վասիլ կայսրին, բայց գտա՞վ արդյոք վասիլին...

Հիմա նայում եմ հրապարակ դուրս եկած, ամենաինչադուլ լինելուն պատրաստ ժողովրդիս, որ իր թագավուրին է փնտրում... ու չի գտնի, քանի դեռ իր սովորության համաձայն սուլում է ու հայհոյում մեկին, մյուսին ևս նույնն է սպասվելու... Նա էլ չի լինի այդքան փնտրած արքան, նրան էլ կսուլեն ու կհայհոյեն... ու միշտ էլ անհույս դուրս կգա հրապարակ՝ ու՞ր է թագավորը աչքերի էպիկենտրոնում, ճիշտ էպիկենտրոնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել